Բավ է պառակտվել
16-11-2020 15:19

Մեր երեխաների մասին տեղեկություն ենք ուզում. ակցիա՝ ՊՆ-ի մոտ

Պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողերի ծնողները այսօր ակցիա էին նում ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք պահանջում են Օնիկ Գասպարյանի ու Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում:

«50 օրը լրացավ, ո՞վ է իմ երեխու համար պատասխան տալու: 50 օր է՝ իմ երեխան չկա: Էսքան խաբել կլինի՞ ժողովրդին: Երկու ամիս ա՝ գնում գալիս եմ, զինվոր եմ տվել, 4 օր չներկայացավ, Ռազմականով եկան, գյուղից տարան: Բայց հիմա տեղեկություն չեմ կարողանում ստանալ իմ երեխուց», - բղավում էր անհետ կորածի մայր տիկին Նաիրան:



«Ես 40 օրից ավել է` փնտրում եմ եղբորս ու նրա որդուն։ Այս ընթացքում հերթով գնում ենք բոլոր կառույցները, բայց մեկը մյուսի վրա է գցում, վերջում էլ Ադրբեջանի վրա գցեցին։ Հիմա ինչ` պիտի Ալիևի՞ն դիմենք։ Տեղեկություններ ունենք, որ լիքը տղաներ կան, որ վիրավոր են, տարբեր տեղերում թաքնված են, և սպասում են, որ օգնության կհասնեն իրենց»,–ասաց մի տղամարդ։



Ծնողներից մեկն էլ նշեց,որ իրենց երեխաներին տվել են Պաշտպանության նախարարությանը, նրանցից էլ պահանջում ենք:  «Շատ ծնողներ պատրաստ են գնալ դի հավաքելու, մենակ կարենանք մեկին մի տեղից գտնել: Մեզ տարեք ձեզ հետ՝ մեր միջոցներով, շուրջ 50 ծնող պատրաստ է գնալ՝ Կարմիր Խաչին աջակցելու, որ գործընթացն արագանա, բայց էլի ոչ մի լուր: Շունն ու կատու չենք խաղում, ամեն օր էսօր վաղն են անում», - ասաց ակցիայի մասնակիցը:
Ծնողների հետ զրուցելու իջան մի շարք զինվորականներ։
«Պարոն գնդապետ, ո՞վ է պատասխան տալու։ 50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ եմ անելու։ Այսքան խաբել կլինի ժողովրդին»,– ասաց կանանցից մեկը դիմելով զինվորականներին:
Ի պատասխան զինվորականն ասաց` յուրաքանչյուրի հարցը պետք է անհատապես ներկայացնեն, որից հետո կփորձեն ուսումնասիրել դրանք։
Սակայն անհետ կորած զինվորներից մեկի հայրը վստահեցրեց` մեկ ամիս է` եղել են բոլոր տեղերում` Կարմիր խաչում, ՊՆ–ում, ուրիշ տեղերում, բոլորին դիմում են գրել, բայց պատասխան այդպես էլ չկա։


Արմինե Գևորգյան