Բավ է պառակտվել
23-11-2020 15:13

«Մեզ մեր երեխեքն են պետք, ուրիշ ոչ մի բան»․ Զինծաղայողների ծնողները Անդրանիկ Քոչարյանին

Վաղ առավոտյան պաշտպանության նախարարության շենքի մոտ են հավաքվել անհետ կորած զինծառայողների ծնողները։ Նրանք հանդիպում են պահանջում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Ընդունարանում նրանց փոխանցել են, որ նախարարը հանդիպումներ ունի, ծնողները պահանջում են չեղարկել բոլոր հանդիպումներն ու ընդունել իրենց։
«44 օր ոչ մի լուր չունեմ երեխուցս, կա մեկը, որ պատասխանատու է։ Զգուշացնում ենք, եթե էս ծնողներին չդիմավորեցին, ուրիշ քայլերի ենք դիմելու», - անցակետում ասաց նախարարի հետ հանդիպում պահանջող ծնողներից մեկը։
Ընդունարանում ոստիկանական խմբեր էին հավաքված, ծնողներին զայրացնում էր անգամ նրանց ներկայությունը ։
«Մեր երեխան 11 օրվա ծառայող է եղել, տարել են առաջնագիծ։ Պաշտպանության նախարարությանը հարցրել եմ, թե ինչ իրավունքով են 11 օրվա ծառայողին տարել առաջնագիծ, պատասխանել են՝ դե պատերազմական իրավիճակ է եղել։ Ինչի համար եք տարել, որ էսօր ոչ մի ծնողի պատասխան չունեք տալու», - ասաց ՊՆ-ի դիմաց հավաքված ծնողներից մեկը։
Նրանցից մեկն էլ ասաց, թե իր որդու տվյալները մեկ ամիս առաջ ներկայացրել է նախարարությանը։ «Տպավորություն է ստեղծվում, որ մեր երեխեքը ոչ մեկի համար ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Ամեն ինչը ծածկում են, կոծկում են, սա շատ անընդունելի է», - ասաց նա:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը անհետ կորածների հարազատներին փոխանցել է, որ նախարարը իրավիճակին ծանոթանալու հանձնարարականը շենքի պարետին է տվել։ Պաշտպանության նախարարություն է այցելել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Դու եկել ես ստեղ ի՞նչ անես։ Մեզ ասում ես՝ եկել եմ հասկանամ, ձեզ հետ զրուցեմ, տո դու, որ 45 օր չես հասկացել, հիմա եկել ես ինչ հասկանաս։ Մեզ մեր երեխեքն են պետք,  ուրիշ ոչ մի բան, տեղեկություն տվեք մեզ կամ կոնկրետ ասեք՝ ում հանդիպենք, որ տեղեկություն տան»,- դիմելով Քոչարյանին՝ ասաց ծնողներից մեկը։
«Պարոն Քոչարյան, մեր երեխաներին գտնելուց բացի մենք մեկ այլ պահանջ էլ ունենք։ Մեր երեխաները ում պատճառով հայտնվել են էս վիճակում, պիտի պատասխան տան, էդ սպաներին պետք է անպայման պատասխանատվության կանչել։ Դրանց մեջ եղել է Ջաբրայիլի դիվիզիայի հրամանատար Առուստամյան Կարենը, գումարտակի հրամանատար Վարդենիսյան Գարիկը, բոլորը սրանք, որոնք թուրքի կողմից ծախված են եղել, պիտի պատասխան տան, ես ինչ ասում եմ, կարամ ապացուցեմ»,- ասաց ծնողներից մյուսը՝ դիմելով Քոչարյանին։

Արմինե Գևորգյան