Բավ է պառակտվել
22-07-2019 12:11

Հայաստանի և Իրանի քաղաքացիների մոտ սահմանին հայտնաբերվել է թմրանյութ (լուսանկարներ)

  

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնել է երկու տղամարդու՝ Հայաստանի և Իրանի քաղաքացիների մոտ թմրանյութ հայտնաբերելու մասին, ովքեր Հայաստանի տարածք էին մուտք գործել “Ագարակ” սահմանային անցակետով։

Ըստ տարածված տեղեկատվության, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները “Ագարակ” պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի մոտ հայտնաբերել են 338 գրամ “ափիոն” տեսակի թմրամիջոցին նմանվող սև գույնի զանգված: Թմրանյութը պոլիէթիլենային փաթեթի մեջ ինքնակպչուն ժապավենով ամրացված է եղել քաղաքացու ոտքերին:

Մյուս դեպքում Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացու՝ Ա.Ա.-ի կողմից շահագործվող բեռնատարի սրահից` ուղևորի նստատեղի գորգի տակից էլ հայտնաբերվել է 1.68 գրամ “մեթամֆետամին” տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված:

Նշված դեպքերով կազմված նյութերը տրամադրվել են քննչական վարչությանը, երկու կասկածյալ նարկոդիլերները կալանավորվել են: Հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պռեկուրսորների մաքսանենգություն)։