Բավ է պառակտվել
06-06-2019 20:21

Բռնություն թե՞ հայրական ապտակ

«Ես եմ ծեծել» հեշթեգը ֆեյսբուքյան ակտիվություն է արձանագրում։ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ՖԲ սոցիալական ցանցով հայտարարեց, որ իրեն երկու անգամ ծեծել են՝ առաջին անգամ տան մոտ, ապա՝ աշխատավայրի դիմաց: Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին ու դաշնակցականներին:
Արդեն ավելի ուշ ՀՅԴ գործիչ, լրագրող Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքն է ծեծել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին։ Նաեւ ասաց, որ գնում է ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում տալու:
«Ոչ այնքան ծեծ, որքան դաստիրակչական կամ հայրական ապտակ»,- այսպես էին մեկնաբանում միջադեպը այն անձիք, որոնք հետեւում էին Գեղամ Մանուկյանին։
Իսկ ծեծի պատճառը, ըստ Մանուկյանի, այն է, որ ՀԱԿ ակտիվիստը սոցցանցերում Արցախի, հայկական արժեքների հասցեին հայհոյանքներ ու վիրավորանքներ է հնչեցրել:
Բռնության տարրերով գործողություններ՝դաշնակցականների քայլերը համացանցում այսպես գնահատվեց։ Մեզ հետ զրույցում Գեղամ Մանուկյանը նշեց, որ իրենք կողմնակից չեն բռնությանը, բայց նման հայտարարությունները մնում են անպատասխան
ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում դաշնակցականների ակցիան շոու որակեց: «Դաշնակցությունը նման շոու արեց ,քանի որ արդեն ոստիկանությունը ասել էր, որ կա բերման ենթարկված: Իսկ նման քայլի են դիմում, որպեսզի խոչընդոտեն քննության ընթացքին: Ես ուզում եմ հարցնել ՀՅԴ –ին, երբ Քոչարյանի թիկնապահ Կուկոն սպանեց Պողոս Պողոսյանին, արդյո՞ք նրանք այդ դեպքում դաստիրակչական ապտակ տվեցին»:
Նշենք,որ այսօր «Հայ ազգային կոնգրես»-ը հայտարարություն է տարածել ակտիվիստ Վարդան Հարությունյանի տեհ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հայտարարության մեջ ասված էր, «Վարդան Հարությունյանի հետ կատարվածը եղել է նախապես ծրագրված, մանրամասն մշակված գործողություն, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է բնութագրել։  ՀՅԴ ղեկավարները բաց տեքստով հայտարարում են, որ որպես քաղաքական պայքարի մեթոդ կրկին որդեգրում են ահաբեկչությունը, և ինքնադատաստան են հայտարարում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն իրենց հայացքներից տարբերվող հայացքներ, կամ իրենց դավանած արժեքներին չհամապատասխանող արժեքներ»։
Ի դեպ՝ քաղաքական դաշտում հայրական ապտակի մասին: Հիմնադիրը, կարող ենք ասել, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր։ Նա 1998-ին իր կուսակից Արամազդ Զաքարյանի դեմ բռնությունը հենց այսպես որակեց: Հետո հայրական ապտակ տվեց Հրանտ Խաչատրյանը՝ Հայկ Բաբուխանյանի հետ Սահմանադրական իրավունք միավորման ղեկավարի համար պայքարում։

 

Արմինե Գևորգյան