Բավ է պառակտվել
30-06-2018 23:17

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում յունիսի 27-ին ձերբակալված Նազիկ Ամիրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Այս մասին հաղորդում է ՀՔԾ պաշտոնական կայքէջը:

«Բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ն. Ամիրյանը Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով: Ն. Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»,- հաղորդում է ՀՔԾ-ն:

Հիշեցնենք՝ Նազիկ Ամիրյանի ամուսինը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը,​ ձերբակալվեց հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվեց։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։