Բավ է պառակտվել
19-07-2019 16:03

Նշվել է Մոսկվաից Երևան ուղևորվող ինքնաթիռում առաջացած ծխի պատճառը (Տեսանյութ)

“Հյուսիսային քամի” (Nordwind) ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռում “Շերեմետևո” օդանավակայանում ծուխն առաջ է եկել հիդրավլիկ հեղուկի և յուղի  գոլորշիների՝ օդորակման համակարգում հայտնվելու պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ՔԿ Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան։

”Ավիացիայի տեխնիկական մասնագետների մասնակցությամբ քննչական-օպերատիվ խմբի տեղում աշխատանքի նախնական տվյալների համաձայն՝ ծուխն առաջացել է օդափոխման համակարգ հիդրավլիկ հեղուկի գոլորշու և յուղի հայտնվելու պատճառով, որտեղից ծուխը տարածվել է սրահում”,- ասել է Մարկովսկայան։

Ըստ նրա, այրվելու և հրդեհի հետքեր չեն հայտնաբերվել, ինքնաթիռի սարքավորումները չեն վնասվել։ Ուղևորների առողջությանը նույնպես վնաս չի հասցվել, բժշկական օգնության դիմածների մոտ շնչահեղձության նշաններ և շնչուղիների թունավորում չի հայտնաբերվել։

”Հարկ է նշել, որ օդանավի անձնակազմի համակարգված և հմուտ գործողությունների շնորհիվ ուղևորների տարհանումն ընթացել է նորմալ ռեժիմով: Բոլոր դիմածներին անմիջապես տրամադրվել է հոգեբանական և բժշկական օգնություն”, - ասել է վարչության ներկայացուցիչը: Միջադեպի նախաքնչական ստուգումը շարունակվում է, և դրա արդյունքների վերաբերյալ ընթացակարգային որոշում կկայացվի:

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Մոսկվայի “Շերեմետևո” օդանավակայանից Երևան մեկնող Nordwind ընկերության Boeing-747 ինքնաթիռի անձնակազմը թռիչքուղու վրա ազդանշան է տվել օդաչուների խցիկում ծուխ հայտնվելու մասին: Ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը, իսկ ուղևորները տարհանվել են փչովի սանդուղքի միջոցով և տեղափոխվել օդանավակայան: Տարհանման ժամանակ տուժել է ութ մարդ: