Բավ է պառակտվել
09-08-2019 12:20

<<Սրանով կյանքի գին չի որոշվում>>.փոխհատուցում մարտի 1-ի իրադարձություններից տուժած անձանց


Կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում հաստատեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց՝ աջակցության ձևը և չափը, տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 դրամ առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 դրամ առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 դրամ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց,որ նախարարություն դիմելու և աջակցություն ստանալու իրավունք ունեն մահացած, զոհված անձանց իրավահաջորդ ճանաչված անձինք, առողջությանը ծանր, միջին ծանրության վնաս հասցված անձինք, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում առողջությանը ծանր, միջին ծանրության վնաս հասցված անձինք, եթե վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ արդարացնող հիմքով դատական ակտ կա, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այս որոշումը կամ սահմանված չափերը որևէ ձևով չեն նշանակում փոխհատուցում։
<<Կներեք կոպիտ ձևակերպման համար, սրանով կյանքի գին չի որոշվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու, սա ձևակերպվում է որպես աջակցություն: Եկեք արձանագրենք, որ բավականին նուրբ վիճակում ենք, ինքս էլ ներգրավված և մասնակից եմ եղել այդ իրադարձություններին: Այստեղ կարևոր է, որ մենք ոչ թե էմոցիոնալ որոշումներ կայացնենք, այլ ճիշտ, բալանսավորված որոշումներ, ինչպես պատշաճ է ՀՀ կառավարությանը>>,- ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ փոխհատուցման չափը որոշելու է ՄԻԵԴ-ը, որպեսզի ներհայաստանյան համակարգերում այս շատ նուրբ իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք: