Բավ է պառակտվել
11-11-2021 11:01

Թաթոյանը կոշտ արձագանքել է ԱԽ քարտուղարի՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետերի մասին հայտարարությանը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեկնաբանել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրգորյանի հայտարարությանն այն մասին, որ նոյեմբերի 11-ից ադրբեջանցիները մաքսակետեր կտեղադրեն Գորիս-Կապան ճանապարհին։

«Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ: Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պարտավոր է պարզաբանել հետևյալը»,- գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նա 4 հարց է ուղղել ԱԽ քարտուղարին․

1. Ինչպե՞ս եք պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը.
2. Արդյոք ԱԽՔ-ն գիտակցում է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների և այլն.
3. Ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ [հարակից գյուղերի] բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ և ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) և ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ.
4. Ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը:
Հ.Գ. Իրականում, ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայութունն ու առավել ևս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրավական հիմքերից) ի սկզբանե:

Միջադեպեր Հայաստանի հարավում գտնվող ավտոճանապարհին

Վերջին ժամանակներս լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին, որով իրանական ծանր բեռնատարները Հայաստանի տարածքով անցնում են երրորդ երկրներ:

Օգոստոսի 26-ի առավոտյան ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ օգոստոսի 25-ին, ժամը 23: 00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Սյունիքում Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Մի քանի ժամ անց այն բացվեց։ Ավելի ուշ Ադրբեջանի զինված ուժերը փակեցին Գորիսից Որոտան տանող ճանապարհի մեկ այլ հատված:

Սեպտեմբերի 12-ին ԱԱԾ-ն հայտնեց Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանցի ոստիկանների կողմից իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների փաստաթղթերի ստուգումների մասին: Ըստ ԱԱԾ-ի՝ «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։