Բավ է պառակտվել
28-12-2020 18:44

Մի սատարեք Հայաստանի դավադիր իշխանություններին

Ոստիկանությունը Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկել մի շարք քաղաքացիների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում՝ նրանք կազմել էին «ամոթի պատ» և հավկիթներով ողջունում «Իմ քայլի» պատգամավորներին:
Մասնավորապես, բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:
Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտնում է, որ Ազգային Ժողովի մոտից բերման են ենթարկել, իսկ որոշ դեպքերում "պարզապես առևանգել են" ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի շարք անդամների:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, ով միացել էր ԱԺ դիմաց «ամոթի պատ» կազմելու բողոքի ակցիային ասաց, որ Նիկոլ իր խայտառակ ցինիկ և դեմագոգ հարցազրույցում շարունակեց պնդել արտահերթ ընտրությունների օրակարգը այն պարագայում, երբ մենք քաղաքական օրակարգում ունենք մեկ հարց՝ դավաճանի հեռացում։
«Վարչապետը, ով դավաճանության համար դեռ պետք է պատասխան տա դատարանում, բարոյական, քաղաքական և իրավական որևէ հիմք չունի Հայաստանում արտահերթ ընտրություններ իրականացնելու»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Նա անընդունելի է համարում, որ անձը, որը դատարանի առջև պիտի կանգնի իբրև դավաճան, Հայաստանում ընտրություններ կազմակերպի։
«Հայրենիքի փրկության շարժումը դեռ մեկ ամիս առաջ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ նախ՝ Հայաստանը պետք է փրկել այս խայտառակ անդնդային կորուստներից և վայրէջքից, այնուհետև երկրում ստեղծել այնպիսի բարոյական և քաղաքական կլիմա, հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ, որ վատ իմաստով լիցքավորված այս անհանդուժողական մթնոլորտը խաղաղվի և մենք կարողանանք ընտրություններ կազմակերպել»,-պարզաբանեց Լիլիթ Գալստյանը։
Ավելի ուշ Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածեց որով կոչ արեց ոստիկանությանը չսատարել հոգեվարքի մեջ գտնվող Հայաստանի դավադիր իշխանություններին և գործել բացառապես ի շահ հայրենիքի և հայ ժողովրդի։

Արմինե Գևորգյան