Բավ է պառակտվել
19-02-2020 15:29

Չեմ պատրաստվում հրաժարական տալ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

«Չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում զոհերի թվի աննախադեպ աճին։

«13 զոհը, որ դուք շեշտում եք, միայն 4-ը հիվանդության պատճառով է, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանք։ Այո՛, ես եղել եմ և զոհերի թաղմանը, և՛ զորամասերում էլ եմ լինում, որովհետև չեմ խորշում», - ասաց նա։
Հարցին՝ ԶՈՒ ԳՇ-ն իր առջև խնդրիր դրե՞լ է, որպեսզի բանակում խաղաղ պայմաններում զոհեր չունենանք, բարձրաստիճան զինվորականը պատասխանեց.

«Այո՛, 13 զոհից 8-ի հստակ պատճառը մենք գիտենք։ Մնացած՝ ինքնասպանության հասցնելու դեպքերին, բոլորի վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր։ Որտեղ ի հայտ ենք բերում բացթողումներ, շրջաբերականով ամբողջ ԶՈՒ հրամանատարական կազմին ներկայացնում ենք դեպքի նկարագիրը, ծնող պատճառները։ Դա կատարում ենք ոչ պակաս, քան ամեն շաբաթը մեկ»։
ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը նշեց, որ կադրային փոփոխություններ կլինեն ու անդրադարձավ նաև բանակում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ արտոնյալների առկայությանը:
Հարցին՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում արտոնյալներ չունենալու ուղղությամբ, նա պատասխանեց.
«Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ և հաշվառումներ ունենք, տանում ենք, կոնկրետ ինչ աշխատանքներ՝ ես մանրամասն ներկայացրի հանձնաժողովին, չեմ ուզում բացել այն ռազմավարությունը, որ տանում ենք»:
Հարցին՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու բանակում վերջին շրջանում գրանցված զոհերի համար, Արտակ Դավթյանը պատասխանեց.

«Մենք ունենք օրենք, օրենքի առջև բոլորը հավասար են։ Մեղավորը կորոշվի դատարանի վճռով։ Ինչ վերաբերում է կարգապահական տույժերին, ապա բոլոր դեպքերով ծառայողական քննություններ են անցկացվում։ Մենք ունենք և՛ պաշտոնից հեռացումներ, և՛ զորացրումներ, ունենք նաև խրախուսումներ։ Աշխատելու բավական տեղ կա», - ասաց նա։
Նա մանրամասնեց՝ խոսքը ինքնասպանության փորձ անելու ութ դեպքի մասին է: Դրանք ավարտին չեն հասցվել, ժամանակին կանխվել են: Դեպքերը եղել են 2019-ի հունիսից մինչև այժմ:
Անդրադառնալով Արցախի ՊՆ –ի հրաժարականին,ասաց, որ մեր իրավասության խնդիրը չէ։ Դա Արցախի նախագահի և Պաշտպանության նախարարի խնդիրն է։ Ինչ որոշում կընդունի ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել», - ասաց նա։

Նշենք, որ այսօր ԱԺ –ը հրավիրել էր ԳՇ պետ Արտակ Դավթյանին փակ հանդիպման՝բանակում տեղի ունեցած վերջին դեպքերի հետ կապված։ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ քննարկումը շատ արդյունավետ է եղել: «Իսկապես բավականին արդյունավետ քննարկում էր, ինֆորմատիվ քննարկում էր: Բազմաթիվ մտահոգություններ, որոնք ունեինք, ստացան իրենց անաչառ պատասխանը: Մենք շատ գործ ունենք անելու, նաեւ որպես օրենսդիր»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասաց, թե փետրվար ամսին տեղի ունեցածը ստիպել է ամեն ինչ անել բանակի համար: «Բանակն է, որ այսօր կայացնում է մեր ամբողջ անվտանգության համակարգի կայուն լինելը»,-նշեց Քոչարյանը:

 

 

Արմինե Գևորգյան