Բավ է պառակտվել
11-11-2020 12:02

Ընտրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար․ Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում։
Հարց, որով անխտիր բոլորն են մտահոգված(քիչ թե շատ…)։

Վստահ եմ, գերխնդիրը հիմա խուսափելն է քաղաքացիական պատերազմից(որի վտանգը կարծում եմ մեծ է)։

Իսկ ինչպե՞ս դա անել, երբ կա կուտակված բավականին մեծ դժգոհություն (հիմնավոր դժգոհություն)։
Փորձել հարցը լուծել իրավական ճանապարհով!

Անկախ նրանից, քո ցանկությամբ է եղել, թե ոչ, գիտակցաբար,թե չէ… երբ ղեկավարությունը վստահվում է մեկին, նա էլ կրում է դրանից բխող ամբողջ պատասխանատվությունը։
Տրիվիալ մի օրինակ, որպեսզի հնարավորինս հասկանալի լինի լայն շրջանակներին, այդ թվում նրանց, ովքեր «քաղաքականությունից գլուխ չեն հանում» և իրենց համարում են չքաղաքականացված։

Երբ ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում մի մարդ՝ օժտված անհրաժեշտ բոլոր լիազորություններով (հենց այդ մարդու իսկ համաձայնությամբ…), և որոշակի ժամանակ անց իր թիմն անսպասելի ծանր պարտություն է կրում, չի կարող մարզիչը տարբեր պատճառներ բերել՝ հիմնավորելու այդ պարտությունը(տղեքն էին մեղավոր՝ վատ խաղացին, ֆեդերացիան էր մեղավոր՝ գումար քիչ տվեց, մրացավարն էր սխալ դատում և այլն…)։

Նաև չես կարող, օրինակ, տուն ուղարկել ամբողջ թիմին և նոր թիմ կազմել։ Հիմնականում նման դեպքերում մարզիչը ներողություն է խնդրում, ընդունում իր սխալն ու հեռանում…
Իսկ այս պահին ի՞նչ իրավական տարբերակ կա։

Վարչապետը(ով նաև ի պաշտոնե գերագույն հրամանատարն էր պատերազմի օրերին…), կամավոր հրաժարական է տալիս՝ ընդունելով իր մեղքի բաժինը։ Իշխող քաղաքական թիմն ընտրում է իր շարքերից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակում արտահերթ ընտրություններ❗️

Այս տարբերակը, կարծում եմ, կլինի ամենաօպտիմալը՝ խուսափելու հետագա սրացումներից և բախումներից, ինչպես նաև ունենալու ստեղծված նոր իրականությանը համահունչ իշխանություն։ Արդեն պարզ է,որ լիքը բան է փոխվել և ուղղակի աչք փակելով չընդունել այդ ամենը համարում եմ արկածախնդրություն։

Հ.Գ. Գրածս բնավ «հարգարժան» ֆեյքերին ոգևորելու համար չէ, այլ ուղղված է իրական մարդկանց, հատկապես նրանց, ովքեր որոշում կայացնելու լիազորություն/պարտականություն ունեն ի պաշտոնե։

Հուսամ, հաշվի կառնվի առաջարկս և գոնե լուրջ կքննարկվի համապատասխան շրջանակների կողմից։

Պահն իրոք շատ կարևոր է, ճակատագրական»։