Բավ է պառակտվել
08-01-2019 16:09

Երևանում կարգելվի փողոցային առևտուրը. քաղաքապետարանի հայտարարություն

 

Տարեցտարի, մանավանդ Նոր տարվա նախօրեին, Երևանում աշխուժանում է բացօթյա փողոցային առևտուրը։ Արդյունքում մայթերը գրեթե փակ են և անանցանելի, փողոցները՝ կեղտոտ, ասվել է Երևանի քաղաքապետարանի՝ փողոցային առևտրի անթույլատրելիոթյունը հիմնավորող հայտարարության մեջ։

“Մեր նպատակը նախազգուշացումները և տուգանքները չեն։ Քաղաքապետարանը խրախուսում է մրգերի և բանջարեղենի առևտրով զբաղվող մարդկանց, և առաջարկում է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել քաղաքաի շուկաներում”,- ասվել է երեքշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ։

Համաձայն “Առևտրի և ծառայությունների մասին” օրենքի՝ բացօթյա առևտուրը կարող է իրականացվել միայն իրավաբանական անձանց կամ անհատ ձեռներեցների կողմից։ Ընդ որում, խոսքը գնում է մի քանի ապրանքատեսակի՝ որոշ ծառատեսակների և զովացուցիչ ըմպելիքների մասին։ Սա նշանակում է, որ Երևանի փողոցներում ամեն ցանկացող չի կարող վաճառել ցանկացած ապրանք, մանավանդ՝ սննդամթերք։

Ամանօրյա տոների առաջին օրերից Երևանի քաղաքապետարանն աշխատում է բացօթյա առևտուրը վերացնելու ուղղությամբ։

“Մեր տվյալներով, Երևանի շուրջ 150 բնակիչ քաղաքի մի քանի փողոցում զբաղվում է գյուղմթերքների ապօրինի առևտրով։ Այս կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացվում մեր համաքաղաքացիներից։ Մինչև ամսի 15-ը կզբաղվենք գյուղմթերքի բացօթյա ապօրինի առևտրի վերացմամբ, այնուհետև կանցնենք մայրաքաղաքի փողոցներում տարատեսակ այլ ապրանքների ապօրինի առևտրին”,- նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Նա խոստացել է, որ մի քանի օրից քաղաքացիները կտեսնեն նոր մոտեցումներ և որակապես այլ Երևան։

Նշվել է, որ ժամանակին Երևանի թիվ 2 շուկան (նախկինում՝ ԳՈՒՄ) տեղեր չէր հատկացնում այնտեղ առևտուր անելու ցանկություն ունեցողներին։ Այժմ իրավիճակը լիովին փոխվել է։

“Փողոցային առևտուրը շատ է խանգարում, մարդիկ ավելի քիչ են շուկա գալիս։ Այսօր մենք շուրջ 250 ազատ տաղավար ունենք։ Մենք պատրաստ ենք առաջին ամիսը տարածքները տրամադրել անվճար, հետո` ամսական մինչև 500 դրամ (շուրջ $1) վարձավճարով՛, - ասել է շուկայի տնօրեն Վազգեն Նահապետյանը։

Խանութների տերերը և վարձակալները նունպես դժգոհում են փողոցային առևտրից։

Գյուղատնտեսական մթերքների օրինական վաճառքով զբաղվող մարդիկ, ովքեր վճարում են հարկեր և տուրքեր, հայտնվել են մրցակցային անհավասար պայմաններում փողոցային առևտրով զբաղվողների համեմատ։

Նշվել է, որ Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող շուկայում կա 300-350 ազատ տեղ, որից 200-ը տնօրինությունը պատրաստ է առաջիկա վեց ամիսը տրամադրել անվճար:

Գյուղատնտեսական ապրանքների առևտրի համար տեղեր կան բոլոր վարչական շրջաններում: Դավթաշենում, օրինակ, հենց այդ նպատակով նոր շուկա է բացվել: Ինչպես իր հերթին նշել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը առայժմ 20 տաղավար է տեղադրված, սակայն դրանց քանակը կարող է ավելանալ։ Առաջիկայում նախատեսվում է ստեղծել ձմեռային առևտրի համար առավել հարմարավետ պայմաններ, կլինեն պահեստներ, տարածքն ապահովված է նաև կոմունալ հարմարություններով”։

Քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ իրականացնում է միջոցառումներ բացօթյա փողոցային առևտրի դեմ։ Հունվարի 8-ից ստուգայցերը կանցկացվեն ավելի մեծ ծավալներով, օրինախախտ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության։ Սննդամթերքի առևտրով զբաղվող քաղաքացիներին քաղաքպետարանն առաջարկում է տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպել նոր մինի-շուկաներ:

Հայտարարության մեջ նշվել է, որ խնդրի վերջնական կարգավորումը գտնվում է օրենսդրական դաշտում։ Կհստակեցվի բացօթյա առևտրի ենթակա ապրանքների ցանկը, իսկ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը առավել մեծ լիազորություններ կստանան: