Բավ է պառակտվել
18-04-2022 10:55

Արցախի անկախությունը բանակցությունների առարկա չի կարող լինել․ Արամ Ա Կաթողիկոս

Արցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել բանակցային սեղանի շուրջ, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Զատկի պատարագի ժամանակ:
Անդրադառնալով Հայաստանում և Արցախում ներկայիս իրավիճակի մասին, Վեհափառ Հայրապոտը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը չի կարող անտարբեր մնալ։
«Արցախի ժողովրդին կասենք` մենք ձեզ հետ ենք: Խաղաղությունը, անկախությունը և արդարությունը աստվածատուր արժեքներ և իրավունքներ են: Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության նյութ դառնալ, Արցախի ժողովուրդը հավաքաբար հաստատել և ամրապնդել է իր անկախությունը այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել և ստղծագործել է»,-ասել է Կաթողիկոսը: Նրա խոսքերն է մեջբերում Կաթողիկոսական գրասենյակը։
Նա նաև մտահոգություն է հայտնել Հայաստանում կատարվողի առնչությամբ՝ նշելով, որ հանրապետությունն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի պատասխանատուները, Հայաստանի ժողովուրդը, ինչպես Արցախի ժողովուրդը կարողանան իր հավաքական կամքը հաստատել ամուր կերպով` ասելով, որ ազգի ազատ ապրելու կամքը, խաղաղ ապրելու իրավունքը չի կարելի այսպես կոչված աշխարհաքաղաքական պայմաների լույսի տակ թեական դարձնել »,-ասել է Արամ Ա Կաթողիկոսը: