Բավ է պառակտվել
29-04-2021 17:03

Մեղրիի միջանցքի մասին խոսակցություն չկա․ Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ

Կարող է գործակվել, օրինակ՝ տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհ, բայց դա չի ենթադրում միջանցքի ստեղծում։ Սյունիքում որևէ միջանցք ստեղծելու մասին խոսակցություն չկա, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը։
«Իրենք (Ադրբեջանի իշխանությունները-խմբ․) շատ բան կարող են խոսել։ Միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա, չէր էլ կարող լինել»,– ասաց Մելքոնյանը։

Մելքոնյանի խոսքով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ գործող հանձնաժողովն զբաղվում է լոգիստիկ ճանապարհների հնարավոր տարբերակների հարցերով։ Բայց դրանք միջանցքներ չեն։

«Կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցքի հետ կապված հարցեր»,– ասաց նա։

Նա տեղեկացրեց նաև, որ ԱԳՆ հովանու ներքո գործում է հանձնաժղով, որը զբաղվում է սահմանների որոշման հարցերով։ Նրանք ուսումնասիրում են տարբեր տարիների քարտեզները, համատեղելով դրանք երկրի շահերի հետ՝ հետագայում սահմանագծման համար։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը Պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում ասել էր, որ Բաքուն «կիրականացնի Զանգեզուրի միջանցքի ծրագիրն, ուզենա դա Հայաստանը, թե ոչ: Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը սպառնացել է ուժով լուծել հարցը, եթե Հայաստանը չհամաձայնի բացել այս «միջանցքը»: Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալիևի խոսքերը սադրիչ ու հակասական է որակել: Կապանում կայացած հանդիպմանը վարչապետն ասել է նաև, որ եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա Հայաստանի ղեկավարությունը կարող է խոսել Նախիջևանի կամ Հյուսիսային Ադրբեջանի միջանցքի մասին: