«Որևէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուն և դրա հետ կապված տարբեր քննարկումներին:
Նշենք,որ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Հարցին՝ ՍԴ-ի թույլտվություն պետք չէ՞՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու համար՝ Բադասյանը նշեց, որ հարցը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ վերաբերում է Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին։
«Հիմա պատկերացրեք, ես կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարեմ, հետո նշանակվեմ դատավոր ու դատավոր եղած ժամանակ քրգործ լինի, ես, բնականաբար, չեմ օգտվում դատավորի կարգավիճակից բխող անձեռնմխելիությունից։Բնականաբար, ՍԴ թույլտվությունը քրեական հետապնդման մասով չի պահանջվում եւ այդպիսի անձեռնմխելիություն ՍԴ նախագահը չունի»,–ասաց նախարարը։
Հարցին ՝ թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նիստերին չմասնակցելը արդյո՞ք խնդիր չէ Բադասյանը նշեց,որ եթե իրոք ունեն Սահմանադրական դատարանի դատավոր, որ նիստերին չի մասնակցում, խնդիր է։
«Այլ հարց է, թե ինչ մոտիվացիայով, ինչով է դա բացատրվում, ինչ հետևանքներ կարող է առաջանալ, որ մարմիններն են, որ կարող են դրանով զբաղվել, ընդհանուր առմամբ խնդիր է»,-նշեց նախարարը։
Բադասյանն անդրադարձավ նաև դատարանների շրջափակումից ,ասաց որ դատարանների շրջափակումը հանրության ուշադրությունը հրավիրելու համար էր, և որ այս համակարգում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ։«Եթե նոր իշխանությունը նպատակ ունենար իրենից կախված դատական համակարգ ունենալ, դրա մեթոդը հրապարակային կոչը չէ»։
Իսկ Ազգային ժողովի շենքի շրջափակումն էլ հեղափոխության հերթական փուլն է եղել, որն իրագործվել է օրենքի բոլոր պահանջների և պայմանների պահպանմամբ։
« Հայաստանի ժողովրդի կամքը ևս մեկ անգամ արտահայտվել է բարեփոխումներ սկսելու և Հայաստանում նոր որակի քաղաքական իշխանություն ձևավորելու մասով, որին հաջորդել է ընտրություններ, որոնք առաջին անգամ ՀՀ պատմության մեջ որակվել է որպես ազատ, արդար ընտրություններ բոլոր միջազգային չափանիշների պահպանմամբ, առաջին անգամ ժողովրդի կամքը բացարձակ ձևով առանց որևէ շեղման արտահայտվել է, և ունենք լեգիտիմ Ազգային ժողով»,-նշել է նախարարը։
Արմինե Գևորգյան