Բավ է պառակտվել
12-11-2019 15:05

«Լավ բաներ չեմ ասելու, լավ է չասեմ»․ Ռոբերտ Քոչարյանը դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջեւ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից առաջ տեղի էր ունենում ակցիա՝ ի աջակցություն նրա։

Հավաքվաները վանկարկում էին՝ «Քոչարյան, հերոս»։ Նրան ընդդիմախոս կանայք էլ ասում էին, թե նա մարդասպան է։ 

Կողմերը սկսեցին  վիրավորել միմյանց՝ ընդհուպ վիրավորանքներ հասցնելով նաեւ ընտանիքի անդամներին։ Իսկ արդեն դատարանի դահլիճում պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Մինչ այս նախագահող դատավորը հայտարարեց, որ դատարանը ստացել է պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի գրավի միջնորդությունները՝ ինքնաբացարկ` Աննա Դանիբեկյանի եւ բացարկ` մեղադրող Պետրոս Պետրոսյանի վերաբերյալ։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ պնդում էր , որ փորձ է արվում միջնորդություններ հարուցելով ձգձգել եւ դատական քննությունը փակուղային իրավիճակի հասցնել:

Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպանը նշեց,որ սույն քրեական գործով տիկին Դանիբեկյանը կանխակալ վերաբերմունք ունի պարոն Քոչարյանի նկատմամբ։ «Կրկին ուզում եմ շեշտել՝ մենք ասում ենք, որ դատավորը տեղյակ է այնպիսի հիմքի, որ սույն գործի շրջանակում թույլատրելի է գրավի կիրառումը»։

Դատավորը ՀՀ երկրորդ նախագահից հետաքրրքվեց՝ միանո՞ւմ է պաշտպանների միջնորդությանը։

«Կասկածո՞ւմ եք», - արձագանքեց Քոչարյանը։

Դատավորի հաջորդ հարցին՝ ցանկանո՞ւմ է որևէ բան ավելացնել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Լավ բաներ չեմ ասելու, լավ է չասեմ»։

Ի վերջո խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ինքնաբացարկի վերաբերյալ։ Վերջինս  հայտարարեց, որ  որոշումը ենթակա չէ բողոքարկման։

 

Արմինե Գևորգյան