Բավ է պառակտվել
22-05-2019 15:44

Ոչ մի “Սրբություն”․քաղաքապետարանը որոշել է անվանափոխել Երևանի փողոցները

Երևանի ավագանին չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ լարված մթնոլորտում քննարկել է “Լույս” խմբակցության նախագիծը հայտնի սրբերի անունները կրող երևանյան կենտրոնական մի քանի փողոցի անվանումների դիմաց “սուրբ” բառն ավելացնելու մասին։

Առաջարկվել է, մասնավորապես, այդ բառն ավելացնել Մեսրոպ Մաշտոցի պողոտայի, Գրիգոր Լուսավորչի և Մովսես Խորենացու փողոցների անվանումներում։

Քննարկումների արդյունքում ավագանին որոշել է “Սուրբ” բառն ավելացնել միայն Գրիգոր Լուսավորչի փողոցի անվանմանը։

Փողոցների անվանումների “սրբացման” նախաձեռնությունը

Ինչպես նշել է “Լույս” խմբակցության անդամ Թերմինե Վարդանյանը, նախաձեռնությունը ուղղված է հասարակության հոգևոր վերածննդին և բարոյականության մակարդակի բարձրացմանը:

“Գոյություն ունեցող անվանումներին “Սուրբ” ածականն ավելացնեը կընդգծի այն փաստը, որ Հյաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն, ինչը կբարձրացնի երկրի զբոսաշրջային գրավչությունը”, - նշել է նա:

Ըստ նրա, փողոցների անվանափոխումը չի պահանջի լրացուցիչ ֆինանսական ծախսեր կամ փոփոխություններ իրավաբանական ակտերում։

“Ես անձամբ կդիմեմ եկեղեցուն, եթե հին ցուցանակները փոխելու համար ֆինանսական օժանդակություն պահանջվի, քաղաքացիները նույնպես խնդիրներ չեն ունենա փաստաթղթերի հետ, քանի որ որոշում կայացնելուց հետո բոլոր համապատասխան պետական մարմինները կտեղեկացվեն այդ մասին և, անհրաժեշտության դեպքում, քաղաքացիներին կտրվի համապատասխան տեղեկանք”,-ասել է նա։

Թեժ քննարկումներ

Նախաձեռնության քննարկումն անցել է շատ լարված մթնոլորտում։ Իրենց ելույթներում “Իմ քայլը” խմբակցության անդամները նշել են, որ որոշումը պարտադրում է վերանայել նաև այն փողոցների անվանումները, որոնք կապված են Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության զոհերի հետ, քանի որ 2015թ․Հայ Առաքելական եկեղեցին նրանց դասել է սրբերի կարգը։

Այսպես, “Իմ քայլը” խմբակության անդամ Գայանե Մելքումյանը նշել է, որ գործող օրենսդրությունում լուրջ բացթողումներ կան փողոցների, համայնքների և աշխարհագրական անվանումների վերանվանման հարցում և հույս է հայտնել, որ խորհրդարանում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնություն:

Քննարկման ընթացքում ավագանու մեծամասնության և ընդդիմության անդամները փոխադարձ մեղադրել են միմյանց պոպուլիզմի, կրոնական զգացմունքների շահարկման և հանձնաժողովների կազմում ոչ պատշաճ աշխատանքի մեջ:

Իր հերթին, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Հռիմիսիմե Առաքելյանը վրդովմունք է հայտնել նախաձեռնության նկատմամբ ավագանու անդամների մոտեցումների վերաբերյալ:

Քվեարկություն

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախաձեռնությանը, հիմնավորելով որ այսօր վերանվանելու անհրաժեշտություն չկա, քանի որ բացակայում է այդ հարցի վերաբերյալ ընդհանուր հայեցակարգ ը:

Մեսրոպ Մաշտոցի պողոտայի անվանմանը “սուրբ” ածականն ավելացնելուն կողմ է քվեարկել ավագանու 49 անդամից 13, 25-ը՝ ձեռնպահ։ Մովսես Խորենացու փողոցի վերանվանմանը կողմ է քվեարկել 51-ից 16 անդամ, 21 ձեռնպահ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը եղել է ձեռնպահների թվում։ Գրիգոր Լուսավորչի փողոցն անվանափոխելուն կողմ է քվեարկել ավագանու 49 անդամից 30-ը։

Պատմական անձանց մասին

Գրիգոր Լուսավորիչ` Հայաստանի լուսավորիչ և առաջին Հայոց Կաթողիկոս: Հայ Առաքելական ,ինչպես նաև Ռուս և այլ ուղղափառ եկեղեցիների, Հռոմի կաթոլիկ և անգլիկան եկեղեցիների սուրբ:

Մեսրոպ Մաշտոց՝ հայ լեզվաբան, հայկական գրերի ստեղծող, հայ գրականության և գրի, ազգային դպրոցի և մանկավարժական մտքի հիմնադիր, մանկավարժ, միսիոներ, Աստվածաշնչի թարգմանիչ, աստվածաբան, Հայ առաքելական և Հայ կաթոլիկ եկեղեցիների Սուրբ :

Մովսես Խորենացի` հայ պատմագրության հիմնադիր, միջնադարյան պատմագրության մեծագույն ներկայացուցիչ, բանաստեղծ, թարգմանիչ, աստվածաբան, մտածող: