Բավ է պառակտվել
18-07-2019 20:26

Ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է կոշտ հակազդեցության.Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իջևանյան դեպքերին՝ նշելով, որ բողոքի ակցիայի մասնակիցները  չեն  ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել  12 ոստիկանի: 

<<Ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Միանգամից ասեմ, որ ապօրինի պայմաններ պարտադրելու  որևէ փորձ արժանանալու է կոշտ հակազդեցության>>,- ասել է վարչապետը:
Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն էլ տեղեկացրեց, որ մոտ 500 անձի կողմից մի քանի անգամ փակվել է ճանապարհը:
«18:00-ի շրջանակներում, չենթարկվելով ոստիկանության պահանջներին, ոստիկանությունը օրենքի շրջանակներում պատնեշ էր կազմել ու ուզում էինք բացել փողոցները, տեղի ունեցավ բախում ու քարերով, փայտերով, մահակներով վնասվածքներ են  պատճառել մեր ոստիկաններին», - ասաց նա:
Փոխոստիկանապետը նշեց, որ ութ հոգի այժմ հոսպիտալացված է ոստիկանության հոսպիտալում, վիճակները բավարար է:
«Երկուսը կմնան, վեցը կանցնեն ամբուլատոր հսկողության», - ասաց նա:
Վարդան Մովսիսյանը ներկայացրեց, որ 19 հոգի է բերման ենթարկվել, որոնցից 13-ը ձերբակալվել է, իսկ մնացածը բաց են թողնվել ստորագրությամբ:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ շուրջ 36 հոգի պետք է բերման ենթարկվեր:
«Մյուսներն ո՞ւր են», - հարցրեց վարչապետը:
Փոխոստիկանապետն էլ ի պատասխան ասաց, որ գիշերն իրականացրել են օպերատիվ գործողություններ, հասցեներով խմբեր են գնացել, սակայն շատերը տեղում չեն եղել, բացակայել են բնակության վայրից:
«Հիմա աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ», - ասաց նա:
Մովսիսյանը բացառեց նրանց՝ հանրապետության տարածքը լքելու փաստը:

 

Արմինե Գևորգյան