Բավ է պառակտվել
03-02-2021 18:07

Նիկոլ Փաշինյանը որպես վկա «Սասնա ծռերի» գործով չի հարցաքննվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով ընթացող դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդություն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու մասին։ Փոստանջյանի խոսքով՝ Փաշինյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին կապի մեջ է եղել ՀՀ իրավապահ մարմինների հետ և հնարավոր է տեղեկություններ ունի, թե ով է Գագիկ Մկրտչյանին հրազենային վնասվածք պատճառել։ Գագիկ Մկրտչյան ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացած երեք ոստիկաններից մեկն է։ Նրա սպանության մեջ, ըստ քրեական գործի նյութերի, մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը։

«Քանի որ ինքը շատ էր ցանկանում պարզել տուժողներ, վիրավորներ կա՞ն և նա հնարավոր է ունենար տեղեկատվություն, թե ովքեր և ինչ պայմաններում են վիրավորել Գագիկ Մկրտչյանին։ Դատաքննության ընթացքում ապացույցները այնպիսին էին, որ ընդունվում է, որ Գագիկ Մկրտչյանի ձեռքի հրազենային վնասվածքը «Սասնա ծռեր»-ի կողմից արձակված կրակոցից էր, բայց թե կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքը ինչպես է տեղի ունեցել, մեզ համար պարզ չէ»,- նշել է Փոստանջյանը։

Դատարանը, Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հղում անելով Քրեական դատավարության օրենսգիրքի 354–րդ հոդվածին, արձանագրել է, որ կողմերն իրենց ճառերում իրավունք չունեն հիմնվել այնպիսի ապացույցների վրա, որոնք չեն հետազոտվել դատական քննության ժամանակ։

«Դատական քննության ընթացքում որևէ տեղեկություն ձեռք չի բերվել, որ Մկրտչյանի մահվան հանգամանքների մասին Նիկոլ Փաշինյանը որևէ տեղեկություն ունի կամ ողջամտորեն կարող էր ունենալ։ Հանրահավաքում արտահայտած տեղեկությունը կամ ենթադրյալ կարծիքը դատարանը չի կարող ընդունել հիմք։ Դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը չի պարունակում բավարար տվյալներ այդ մասին և ողջամիտ ենթադրություն չկա, որ նշված անձը կարող է վերաբերելի տեղեկատվություն հայտնել Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքների վերաբերյալ»,- ասել է Մեսրոպ Մակյանը։

«Սասնա ծռեր» խմբավորման անդամները 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել էին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Գործով դատական քննությունը շարունակվում է ավելի քան երեքուկես տարի։
2018 թվականի նոյեմբերին համաներմամբ խմբի անդամների մեծ մասի խափանման միջոցը փոխվել էր՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ։ ՊՊԾ գնդի գրավման գործով կալանքի տակ շարունակում են մնալ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ: