Բավ է պառակտվել
05-05-2022 17:53

«Նիկո՛լ, դու դարձել ես բռնապետ»․ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Համբիկ Սասունյանը դիմել է վարչապետին (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաներին մասնակցելու համար ոստիկանություն բերման ենթարկված ԱՍԱԼԱ-ի մարտիկ Համբիկ Սասունյանը, ազատ արձակվելուց հետո դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ես պարզապես մասնակցում էի երթին, և ոստիկաններն՝ այսպես կոչված «կարմիր բերետավորները», բերման էին ենթարկում մեր տղաներին ու աղջիկներին, հարցրի, թե ինչի համար են բերման ենթարկում, որից հետո երկու հոգի ինձ բռնեցին և վայրիորեն մեքենայի մեջ դրին»,- ասաց նա։.

Սասունյանն ասաց, որ հիասթափված է ոստիկանների պահվածքից և մեղադրեց Փաշինյանին, որ հրահանգել է ոստիկաններին նման պահվածք դրսևորել։

«Նիկո՛լ հազար ամոթ քեզ, 4 տարի առաջ դու այսպես իշխանության եկար և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս մարդիկ ակցիա անեն։ Դուն թուրքերից ոչ մի բանով չես տարբերվում»,- ասաց նա։

Երկուշաբթի օրվանից Երևանում անհնազանդության ակցիաներ են անցկացվում ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների կոչով. մասնակիցները փակում են հիմնական պողոտաները, խաչմերուկները, կամուրջները։ Նրանց պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունների հրաժարականն է։

Համբիկ Սասունյան

Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 2021-ին ազատ է արձակվել և վերադարձել Հայաստան։

Համբիկ Սասունյանը ծնվել է 1963 թ․ Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում , եղել է «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպության անդամ, արտագաղթել է ԱՄՆ։ 1984թ․ դատարանը ճանաչեց, որ 1982թ․ հունվարի 28-ին 19-ամյա Համբիկը գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։

Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտեց ցմահ ազատազրկման առանց բողոքարկման իրավունքի։ Սասունյանն իր արարքը բացատրել է 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության համար թուրքերից և թուրքական վարչակարգից վրեժով։ ԱՄՆ դատարանը 2006 և 2010 թվականներին մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը։

2019 թվականի դեկտեմբերի 27-ին Կալիֆորնիայի ներման խորհուրդը բավարարեց Սասունյանի վաղաժամ ազատ արձակման խնդրանքը, սակայն նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմը մերժեց որոշումը։ 2021 թվականի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց նահանգապետի որոշումը։ Վերջինս ասաց, որ այլեւս չի բողոքարկելու դատարանի որոշումը։ 2021 թվականի մարտին հրապարակվեց Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը։