Բավ է պառակտվել
17-07-2020 14:55

Սահմանին գիշերն ու այս պահին հարաբերական անդորր է․Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ամբողջ գիշեր ՀՀ ողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 խախտում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
«Հիմնականում կիրառվել է հրաձգային զենք, այդ թվում՝ մեծ տրամաչափի։ Չի կիրառվել հրետանային և ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի հատվածում՝ բուն մարտական գործողությունների շրջանում, այլ Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով,՝ Գեղարքունիքի հատվածում ՝ 2-րդ բանակային կորպուսների հատվածում, ինչպես նաև Նախիջևանի ճակատում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների հատվածում»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ գիշերը նույն զինատեսակներից առանձին կրակոցներ են հնչել նաև Արցախի ուղղությամբ: ԱԹՍ-ների ակտիվություն, նրա խոսքով, չի նկատվել:
Ամփոփելով իրավիճակը՝ Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատեց, որ սահմանին գիշերն ու այս պահին հարաբերական անդորր է:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնելով վիրավորների վիճակը ասաց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը կայունացել է։
Հարցին, թե ինչու է Քննչական կոմիտեն հայտնել 36 վիրավորի մասին, իսկ ՊՆ-ն՝ 20, Հովհաննիսյանը բացատրեց, որ 36 զինծառայողներից 20-ն են բժշկական օգնություն ստացել, մնացածը թեթև քերծվածքներ են ունեցել և միանգամից վերադարձել ծառայության։
«Այս թվերի մեջ հակասություն չկա, տարիների ընթացքում մենք շատ ենք անդրադարձել նման իրավիճակների։ Ընդհանրապես 36 դեպք է եղել, որոնց մեծ մասը` ոտքի վրա, որևէ բժշկական միջամտության կարիք էլ չի եղել, արագ գնացել են շարք։ 20 զինվոր քիչ թե շատ բուժվել են, որոնցից տասը շարունակում են բուժվել, հինգի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր», - ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ քննչական մարմինները ճշգրիտ վիճակագրության համար արձանագրում են բոլոր, անգամ ամենաաննշան դեպքերը։
Ինչ վերաբերում է Չինարի վիրավորված բնակչին, ապա նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

 

Արմինե Գևորգյան