Բավ է պառակտվել
06-05-2022 22:26

Երևանի փողոցներում կերթևեկեն նոր 12 մետրանոց ավտոբուսներ

Երևանի տրանսպորտային պարկը 2022-2023 թթ կհամալրվի 87 նոր MAN ավտոբուսով։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջազգային մրցույթի արդյունքներով քաղաքապետարանի և «Թեգետա Մոտորս» հոլդինգի միջև ստորագրվել է նոր ավտոբուսների գնման պայմանագիր։

Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Թեգետա Հոլդինգի (Վրաստան) ռազմավարական բիզնեսի տնօրեն Իրակլի Պապիաշվիլին։

ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող այս նախագիծը կարևոր քայլ է Հայաստանի մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ուղղությամբ։ ՎԶԵԲ-ի ֆինանսավորումն ունի երկու բաղադրիչ․ 20 միլիոն եվրո սուվերեն վարկ և 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P):

Ավտոբուսների մատակարարումը կիրականացվի մի քանի փուլով 2022-2023 թվականների ընթացքում, առաջին փուլը կսկսվի 2022 թվականին։

MAN 12 մետրանոց ավտոբուսները նախատեսված են 94 ուղևորի համար, համապատասխանում են Եվրո-6 բնապահպանական չափանիշներին, լիովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, աշխատում են հեղուկ բնական գազով, անվտանգ են և հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով։