Բավ է պառակտվել
30-01-2023 12:10

Նոր նշաններ, ավելի մեծ անվտանգություն և խցանումների դեմ պայքար․ ճանապարհային բարեփոխումներ Հայաստանում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է ճանապարհային երթևեկության կանոնների ընդունված և առաջիկա փոփոխությունները, որոնք առաջին հերթին ուղղված են երթևեկության անվտանգության բարելավմանը։

Նախարարության ճանապարհային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արուսյակ Խաչատրյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում ներկայացրեց ճանապարհային երթևեկության կանոնների ընդունված և առաջիկա փոփոխությունները, որոնք առաջին հերթին միտված են երթևեկության անվտանգության բարելավմանը։

Նա նշեց, որ օրենքով հնարավոր է դարձել նշանները փոխարինել էկրանային տարբերակով։ Նոր տեխնոլոգիաների շնորհիվ ճանապարհի առանձին հատվածներում, կախված առկա իրավիճակից, հնարավոր է փոխել ճանապարհի կանոնները, մասնավորապես՝ թույլատրելի արագությունը։

Հաջորդ փոփոխությունը, ըստ Արուսյակ Խաչատրյանի հետևյալն է. «Առաջարկել ենք, որ չկարգվորվող հետիոտնային անցումների վրա կիրառել հետիոտնային նշանը դեղնականաչավուն լուսանդրադարձնող ժապավեններով վահանակների վրա: Դա տեսանելիության բարձրացման միջոցառում է վարորդների համար: Նշել ենք այնպիսի հետիոտնային ացնումներ, որոնք յուրաքանչյուր ուղղությամբ 3 և ավելի գոտիներ ունի, նախատեսում ենք, որ նշանը կախվի նաև վերևից: Իսկ կարգավորվող հետիոտնային անցումկների համար կետ ենք ավելացրել, որ ճանապարհը տնօրինողն իր հայեցողությամբ կարող է վերևից կախվել նաև կարգավորվող, այսինքն կանչովի լուսացույցներով անցումների վրա»:

Լուսանդրադարձնող մակերեսների վրա պետք է տեղադրվեն նաև «Երեխաներ», «Երկաթուղային գծանց` ուղեփակոցով» և «Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի» նշանները։

Նրա խոսքով, նորարարություն է անկյունագծային հետիոտնային անցում գծանշումը, այսինքն խաչմերուկում բոլոր ուղղություններով ավտոմեքենաները կանգնում են և հետիոտները կարող են խաչմերուկը հատել նաև անկյունագծով: Այս երթևեկությունը կազմակերպվում է այն խաչմերուկներում, որտեղ հետիոտնային երթևեկությունը շատ բարձր է՝ մեկ ժամում 900 մարդ և ավելի: