Բավ է պառակտվել
12-11-2018 17:32

Ամանորյա ծախսերը 15 տոկոսով ավելի կլինեն նախորդ տարվա համեմատ․փորձագետ

Այս տարի, նախորդ տարվա համեմատ Ամանորին հայկական ընտանիքները մթերք գնելու համար, մոտավոր հաշվարկով 10-15 տոկոսով ավել կծախսեն, երկուշաբթի հրավիրված մամլո ասուլիսին ասել է “Ագրարագյուղացիական միավորում” ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

“Գնաճը կազդի մսամթերքի, կարտոֆիլի և մրգի վրա, բացի բանանից”, - ասել է Բերբերյանը։
Նրա խոսքերով, այս գյուղատնտեսական տարվա արդյունքներով Հայաստանում կհավաքվի 300 հազար տոննա ավելի քիչ պտուղ-բանջարեղեն:
“Սա վերաբերում է կարտոֆիլին, լոլիկին, սմբուկին և վարունգին: Մեկ տարվա մեջ նման անկում պատմության մեջ դեռևս չի եղել”, - ասել է նա:
Բերբերյանը նշել է, որ բերքատվության կրճատումը պայմանավորված է նրանով, որ, ըստ պաշտոնական տվյալների, ցանքատարածքները կրճատվել են 6.5 հազար հեկտարով, որից 3.2 հազարը կարտոֆիլի ցանքատարածքներն են, իսկ 1.75 հազարը՝ լոլիկի:
“Ամենից զարմանալին այն է, որ ոլորտի համար պատասխանատու պաշտոնյաները բավական չէ, որ կրթված չեն, ալյև փորձում են ամեն ինչ շոգ եղանակի հետ կապել։ Երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարկացավ՝ սկսեցին հայտարարել, որ լոլիկի հետ կապված իրավիճակը ցեցի ներխուժման հետևանք է”։
Ինչ վերաբերում է մսին, ապա, ըստ նրա, երկու տարվա ընթացքում Հայաստանում անասնագլխաքանակը նվազել է 80 հազարով, ինչը հանգեցրել է տեղական արտադրանքի գների բարձրացմանը:
“Ոչխարների և խոզերի գլխաքանակը նվազել են 15% -ով: Վերջին երկու տարիների ընթացքում ամեն ինչ արվել է անասնապահությանը հարվածելու համար և, իմ կարծիքով, դա կատարվել է հենց այն բանից հետո, երբ սկսել են կաթի փոշի ներկրել Ուկրաինայից: Կաթի գինն իջել է մինչև 80 դրամ, ինչը ձեռնտու չէր ֆերմերներին, և սկսեցին մորթել անասունը ”, - ասել է նա, նշելով, որ իրավիճակը վատթարանում է նաև անասնակերի հետ կապված խնդիրների պատճառով։
Միևնույն ժամանակ, նա քաղաքացիներին “մխիթարել է” լուրով, որ գների բարձրացումը չի ազդի ոգելից խմիչքների վրա, քանի որ դրանք արդեն վաճառվում են Հայաստանում 300-400% -ի հասնող գերշահույթով: