Բավ է պառակտվել
01-12-2018 13:59

Հարկավոր է 4 տարեկան հասակից մեր երեխաներին ինտեգրել կրթական համակարգում․ Փաշինյան

Մեղրիում նախընտրական հանրահավաքի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է երկրի արդիականացման և զարգացման համար որակյալ կրթության կարևորության մասին:

“Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական կետերից մեկը կրթության ոլորտի բարեփոխումների իրականացումն է, մենք պետք է մեր քաղաքացիներին, մեր երեխաներին հնարավորություն տանք որակյալ կրթություն ստանալ, մենք պետք է 4 տարեկանից մեր երեխաներին կրթական համակարգում ինտեգրենք”, - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքերով, առանց դրա հնարավոր չէ երկարաժամկետ հեռանկարում ապահովել երկրի զարգացումը:

Փաշինյանը նաև նշել է, որ իր կառավարության նպատակը կլինի արդեն հիմա ստեղծել այն բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որ երեխաներն ապագայում հաջողության հասնեն: Այսպես, նա Մեղրիի բնակիչներին ասել է, որ “Իմ քայլի” բարեգործական հիմնադրամի հաշվին իրենց քաղաքում կհիմնանորոգվի քաղաքային մանկապարտեզը։

“Մանկապարտեզի վերանորոգումը ոչ միայն կդառնա մեր երեխաների ապագա կրթության հիմքը, որոնք կկարողանան արդեն 3 տարեկանից մանկապարտեզ հաճախել, այլև թույլ կտա երիտասարդ մայրերին աշխատել, ինչն, իր հերթին, կլուծի զբաղվածության հարցը”, - ասել է Փաշինյանը, նշելով, որ նման օրինակները այսուհետ պետք է ավելի մեծ տարածում ստանան, ինչին և ուղղված կլինի կառավարության գործունեությունը: