Բավ է պառակտվել
24-08-2021 22:20

Պետք է կարողանալ համոզել, այլ ոչ թե սպառնալ աշխատանքից ազատմամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հրաժարվելու համար․ Պուտին

Կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադրանքը, այդ թվում՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով, անընդունելի է. պետք է կարողանալ մարդկանց համոզել պատվաստվելու անհրաժեշտության մեջ, ասել է երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք միայն միասին կարող ենք հաղթել վտանգավոր համաճարակը: Ըստ էության, վիրուսի տարածման դեմ հիմնական զենքը պատվաստումն է, այստեղ ասելու ոչ մի նոր բան չկա։ Կրկին շեշտեմ. անշուշտ, կարիք չկա որևէ մեկին պարտադրել։ Առավել ևս անընդունելի է ճնշում գործադրելն, ինչից հետո մարդիկ կարող են կորցնել աշխատանքը, պետք է կարողանալ համոզել պատվաստվել, հաստատակամորեն, հարգալից, ցանկանում եմ սա շեշտել՝ հարգանքով մարդկանց նկատմամբ, համոզել, որ պատվաստվելն անհրաժեշտ է, բացատրել, թե որքան կարևոր է պատվաստվել՝ պահպանելու սեփական կյանքը, առողջությունը, պաշտպանելու հարազատներին, ցույց տալ, որ այս պատվաստանյութն իսկապես գործում է, նվազեցնում է բարդությունների վտանգն», - ասել է նա՝ ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի երկրորդ փուլում:

Նախագահն ընդգծել է, որ երկիրը հպարտ է իր բժիշկներով և բժշկական հանրությամբ` բժիշկներով, բուժակներով, բուժքույրերով: Նրանք «քրտնաջան, անձնուրաց, առանց որևէ չափազանցության, չխնայելով իրենց», ապահովում են պլանային բժշկական օգնություն, փրկում մարդկանց, պայքարում նրանց առողջության համար, այդ թվում՝ կարմիր գոտիներում: