Բավ է պառակտվել
15-05-2019 22:04

Հրապարկվեցին Սերժ Սարգսյանի ցուցմունքները Մարտի մեկի վերաբերյալ

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն երրորդ օրն ընթացող դատական նիստի ժամանակ շարունակվեց Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի ընտրության հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցով քննությունը:

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան փորձեց հատվածներ մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։
Նշենք, որ Արշակ Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը:

Վերջինս պատմել է 2008թ. փետրվարի 23–ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության մասին։
<<Պարոն Քոչարյանը հրահանգել է զորքերը բերել մարտական պատրաստվածության, ու ցանկացած գնով ուզել է իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցել: Այդ խորհրդակցությանը մասնակցում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախարարության, ԱԱԾ–ի, ոստիկանության և մյուս ուժային կառույցների ղեկավարները և առանձին ստորաբաժանումների ղեկավարներ։ Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում, բառացի դժվար թե կարողանամ մտաբերել խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները, սակայն առանձին գծերով կներկայացնեմ»,–իր ցուցմունքում նշել էր Կարապետյանը։

Վերջինիս պատմածով՝ խորհրդակցությանը խոսք է գնացել Պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի՝ ընդդիմությանը միանալու մասին։
«Խոսք գնաց Մանվել Գրիգորյանի և ԵԿՄ անդամների զինվածության մասին: Քննարկումների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը Միքայել Հարությունյանին հարց ուղղեցին, թե որտեղ է Մանվել Գրիգորյանը։ Միքայել Հարությունյանը զինվորականին վայել վարքագծով ոտքի կանգնեց, պատասխանեց, որ տեղյակ չէ, ինչից հետո նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չէ, թե իր նախարարությունում ինչ է կատարվում»,–Կարապետյանի ցուցմունքից հատված մեջբերեց փաստաբանը։
Ալումյանը ասում է ,որ Քոչարյանը չէր կարող ունենալ այդպիսի մտադրություն առհասարակ, քանի որ արդեն իսկ այդ փուլում Սերժ Սարգսյանն ընտրվել էր ՀՀ նախագահ: Եվ ընտրությունների նախնական արդյունքները դեռևս փետրվարի 20-ին հաստատվել են ԿԸՀ-ի կողմից:

Փաստաբանական խումբը ասում է, որ մեղադրանքը գրված է ընդամենը վկա Արշակ Կարապետյանի ցուցմունքի վրա, որը, ըստ պաշտպանների, հիմք չունի: Ալումյանը խոսքը դեռ չէր ավարտել,երբ դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց, ասելով որ նիստը պետք է անցկացվի դռնփակ:
Արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը ասաց, որ փակ դատական նիստ անցկացնելու որևէ հիմք չկա։
<<Դատախազությունն իր միջնորդությունը պատճառաբանում է նրանով, որ կարող է ցուցմունքներ հրապարակվեն, չնայած ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել, և նախաքննական գաղտնիքի խնդիր չկա։ Ավելին՝ հրապարակվող նյութերի մեջ պետական գաղտնիք հրապարակելու խնդիր չկա», - ասաց Արամ Օրբելյանը։

Ընդմիջումից հետո որոշվեց, որ նիստը պետք է շարունակվի դռնբաց և Ալումյանը առաջին անգամ դատարանում հատված մեջբերեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Մարտի 1»-ի գործով տված ցուցմունքից. Ցուցմունքում Սերժ Սարգսյանը ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ ու նշել ,որ եթե ինքը լիներ պաշտպանության նախարար, ապա նման կերպ կվարվեր՝ հրաման կստորագրեր զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։

«Խորհրդակցությունը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել են զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը, ընդհանուր նպատակը զինված ուժերի ղեկավար կազմին նախազգուշացնելն էր, որ ցույցերի ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը»,–մեջբերեց Ալումյանը։
Սակայն դատավորը հորդորեց ցուցմունքներից պարզապես մեջբերումներ անել, այլ ոչ թե հրապարակել ամբողջական ,ասելով , որ ինչպես ինքը, այնպես էլ դատավարության մասնակիցները դրանց բովանդակությանը ծանոթ են:

Սակայն Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինը և դատախազությունը այդ նյութերը ներկայացրած լինեին:
<<Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինն ու դատախազությունը>>,-ասաց Քոչարյանը:

 

Արմինե Գևորգյան