Բավ է պառակտվել
03-09-2020 21:13

Հրապարակվել են Հայաստանում 14 մարդու մահվան պատճառ դարձած “տնայնագործ” օղու փորձաքննության արդյունքները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամլո ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 1-ին իրենց աշխատակիցները լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառում էին կատարել մարդկանց մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագանձված խմբաքանակից։

“Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածն, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը”,- նշված է հայտարարությունում:

Տեսչական մարմինը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչների օգտագործումից և հիշեցնում, որ նման արտադրանքի շրջանառությունն արգելված է։

Սեպտեմբերի 3-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որոնցից 25-ն՝ Արմավիրի մարզում, 12-ը՝ Երևանում, 1-ը՝ Կոտայքի մարզում։ Արձանագրվել է մահվան 14 դեպք։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հայաստանի քննչական կոմիտեն, Արմավիրի մի շարք բնակիչներ թունավորվել են անհայտ ծագման և սպառողների կյանքի համար վտանգավոր ալկոհոլային արտադրանք սպառելու արդյունքում։ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանք վաճառելու կասկածանքով բերման է ենթարկվել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանը, ծնված 1970թ: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ Արմավիր քաղաքում գտնվող նրա տանը հայտնաբերվել է տնայնագործ պայմաններում պատրաստված անհայտ ծագման շուրջ 200 լիտր օղի: