Բավ է պառակտվել
24-09-2019 13:50

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանի դին

Գիշերը՝ ժամը 23։30 ի սահմաններում, հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Տեղեկությունը Gisher.news-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Էդգար Ջանոյանը` հավելելով, որ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
Ոստիկանությունից հայտնում են, որ, ըստ նախնական տեղեկությունների, կատարվածն ինքնասպանություն է:
Մեր տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել իրեն պարգեւատրված զենքով:
ՀՀ քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայկ Հարությունյանը մի քանի անգամ հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։
ՀՀ ոստիկանապետ է եղել 2003 — 2008 թթվականներին: 2008 թվականին աշխատանքից ազատվելով, նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, աշխատել մինչեւ 2010 թվականը, այնուհետ մինչեւ 2014 թվականն աշխատել է որպես Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

 

Արմինե Գևորգյան