Բավ է պառակտվել
17-05-2022 12:29

Երևանի ավտոբուսային պարկի 80%-ով թարմացում, քարտերով և QR կոդով վճարում․ ինչ է սպասում ուղևորներին

Շուտով Երևանում կմեկնարկի պիլոտային ծրագիր, որը կլինի առաջին քայլը հասարակական տրանսպորտում տոմսերի վաճառքի միասնական համակարգի ներդրման ուղղությամբ։ Մասնավորապես, մեկ-երկու ամսից Երևանի մոտ երեք երթուղիներում հնարավոր կլինի վճարել քարտային համակարգով, QR կոդով և այլ տեխնիկական միջոցներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը նշեց, որ պիլոտային ծրագրի նպատակն է պատկերացում կազմել դրա առավելությունների ու թերությունների մասին։

«Պիլոտային ծրագիրը կներդնենք մի քանի երթուղիներում, կհասկանանք, թե որքանով է այն հարմար, ինչ հնարավորություններ է տալիս, ինչ խնդիրներ են առաջանում, ինչ պետք է ավելացնել կամ կրճատել։ Քարտային համակարգը թույլ կտա վճարել քարտով կամ այլ տեխնիկական միջոցներով ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Միասնական քարտային վճարային համակարգի վերջնական ներդրման համար անհրաժեշտ է թարմացնել պարկը։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 80%-ով թարմացնել ավտոբուսային պարկը։ Ներկայումս Երևան է ներկրվել 100 փոքր և 211 միջին կարգի ավտոբուս։ Երևանի ավտոբուսային պարկը համալրվել է 311 միավոր շարժակազմով։ Բոլոր ներմուծված ավտոբուսները շահագործվում են, բացառությամբ պահեստայինների։

«Երթուղիների թարմացումները կատարվել են հետևյալ սկզբունքով. Շահագործման մեջ գտնվող 15 տարվա միկրոավտոբուսներն ավտոմատ կերպով կանգնեցվեցին։ Դրանք փոխարինվել են նոր ավտոբուսներով։ Բայց կային նաև դժվարություններ, գազելները չափսերով ավելի փոքր էին, կարող էին երթևեկել շատ փողոցներով, իսկ նոր բերված ավտոբուսները նման հնարավորություն չունեին։ Մենք վերանայեցինք երթուղիները։ Բողոքներ ստացանք որոշ թաղամասերի բնակիչներիցլ: Վերանայեցինք նաև շարժակազմի քանակը։ Օրինակ՝ թիվ 28 երթուղին սկզբում համալրվել է 10-12 ավտոբուսով, հետո պարզ դարձավ, որ քանակը պետք է ավելացվի»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Նոր երթուղային ցանցի ներդրմամբ նախատեսվում է շահագործման հանձնել 12 մետրանոց ավտոբուսներ։ Պայմանագիրն արդեն կնքված է, և շուտով Երևան կժամանի 87 միավոր 12 մետրանոց ավտոբուս։ Բարձր դասի 12 մետրանոց ավտոբուսները կներդրվեն հիմնականում լայն փողոցներով ու լայն պողոտաներով անցնող երթուղիներում։ Սա նշանակում է, որ այդ երթուղիներում շահագործվող միջին և փոքր կարգի ավտոբուսները կուղղվեն այլ երթուղիներ։ Նախատեսվում է նաև ներմուծել 15 նոր տրոլեյբուս, ինչպես նաև միջին դասի 100 նոր ավտոբուս։

Երևանի քաղաքապետարանը ներդնում է նաև տրանսպորտի ոլորտի կառավարման կենտրոնացված համակարգ։ Հայկ Սարգսյանի խոսքով, իրենք կկարողանան առցանց հետևել, թե որտեղ են ավտոբուսները, կան արդյոք ուշացումներ։

«Սա թույլ կտա խիստ վերահսկողություն իրականացնել։ Մենք դեռ հետ ենք մնում այս հարցում, զգուշացումների միջոցով փորձում ենք կարգուկանոն հաստատել, բայց կենտրոնացված հսկողության համակարգն ավելի արդյունավետ կլինի»,- ասաց նա։

Շուտով կսկսվեն ժամանակակից ավտոկայանատեղերի ստեղծման աշխատանքները։ Կլինի երեք ավտոկայանատեղ՝ մեքենաների վազքը նվազեցնելու համար։ Դրանք կահավորված կլինեն բոլոր ժամանակակից տեխնիկական միջոցներով։