Բավ է պառակտվել
21-11-2019 15:58

Երկրի գրագետ հատվածը պետք է վերջապես դառնա եռալեզու․ Արամ Սաֆարյան

Նախքան բուհերից հայոց լեզվի պարտադիր ուսուցումը հանելը նախարարությունը պետք է լուծի խնդիրը դպրոցներում՝ ուժեղացնելով մայրենիի ուսուցումը այդտեղ: Այս մասին «Այսօրվա Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հիմնական խնդիրները» կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանյան բուհերում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության առարկաների դասավանդումը ոչ թե հանվելու է, այլ կրելու է հայեցողական բնույթ: Նա բացատրել էր, որ դրանք ծրագրից չեն հանվում, այլ պարզապես դրանց պարտադիր ուսուցման բնույթն է փոխվում.

Արման Ղուկասյանը պնդում է՝ դպրոցներում այս կարևոր առարկաների դասավանդումը անմխիթար վիճակում է, առհասարակ՝ դպրոցներում կրթական մակարդակի հետ խնդիր ունենք, հետևաբար սխալ է բուհերում նման փոփոխությունը:
Վերջինս մտահոգություն հայտնեց, որ այս բավականին լուրջ հարցի շուրջ նախարարությունը լայն շրջանակների հետ նախապես քննարկում չի կազմակերպել ու փաստացի բոլորին փաստի առաջ է կանգնացրել՝ արդեն իսկ կայացված որոշման մասին հայտնելով.
«Ես կարծում եմ, որ այս խնդրի արմատները ոչ թե բուհերում են, այլ դպրոցներում: Հետևաբար գլխից սկսելու տրամաբանությունն ինձ համար անհասկանալի է»,- շեշտեց նա:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ –ի նախագահ Արամ Սաֆարյանն էլ նկատեց, որ երկրի գրագետ հատվածը պետք է վերջապես դառնա եռալեզու՝ պատշաճ իմանա մայրենին, ռուսերենն ու անգլերենը:
«Սա է 21-րդ դարի թելադրանքը, սա անհրաժեշտություն է մրցունակ պետություն կառուցելու և զարգացնելու համար»,–ասաց Սաֆարյանը։
Վերջինիս խոսքով, Հայաստանը չունի միլիարդներ ու ռեսուրսներ, բայց ունի այն բնորոշումը, որ հայերը բնականից լեզուներ սովորելու շնորհ ունեն:

«Եթե մենք ուզում ենք լինել մրցունակ աշխարհի մեծ ու փոքր ազգերի հետ, պարտադիր է լեզուների իմացությունը: Որպես ԵՊՀ դոցենտ ցավով եմ նշում, որ շատ-շատերը մեր ուսանողներից չեմ ասում ռուսերեն –անգլերեն, անգամ հայերեն գրագետ գրել չեն կարողանում: Այս պայմաններում մենք մրցունակ լինել չենք կարող, և վաղուց ժամանակն է, որ մտածենք, թե ինչ անենք, որ այս խնդիրը լուծում ստանա»,- ասաց նա:

Արամ Սաֆարյանը հատուկ ընդգծեց ռուսերենի իմացությունը, որը դեռ մի քանի տասնամյակ առաջ մեզանում եղել է սովորական մի բան, բայց այսօր խնդրահարույց է:

«Ռուսերեն իմանալը մեր մրցակցային առավելությունն է, սա այն կապիտալն է, որը մեզ պետք է երկրի զարգացման համար: Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին ռուսերենն իմանալը ուղղակի անհրաժեշտություն է»,-շեշտեց նա:

Սաֆարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում վաղուց գործում են ամերիկյան լեզվական կենտրոններ, ԵՄ-ն ևս շատ ակտիվ է ուսանողներին կրթական ծրագրեր առաջարկելու տեսանկյունից և այլն: Որպես օրինակ նա նշեց, որ մի քանի օր առաջ էլ ԵՊՀ-ում ստեղծվեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոն, այսինքն՝ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ-ն ծախս են անում ու միջոցներ ձեռնարկում, որպեսզի Հայաստանի ուսանողները մեկնեն արտերկիր ուսանելու:

Արամ Սաֆարյանը նշեց, որ այս ամենից հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները մի հատ եվրասիական հետազոտությունների կենտրոն չստեղծեցին այս հինգ տարիներին, ինչ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է: Հասարակական կառույցները այս ուղղությամբ այտիվ գործունեություն վարում են, այդ թվում և իր ղեկավարած ՀԿ-ն, բայց խոսքը պետական մակարդակի մասին է:

«Եվ սա չի կարող չանհանգստացնել Հայաստանի դաշնակիցներին՝ ի դեմս ռազմավարական դաշնակից Ռուսաստանի: Մեր շահերը, մեր հետաքրքրությունները հենց այս տարածաշրջանում են, այս տնտեսական միության շրջանակում են և մեր ապագան էլ այստեղ է»,- հավելեց նա:

Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպվել էր «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի կողմից:

 

Արմինե Գևորգյան