Արցախում սկիզբ առած համաժողովրդական շարժումն այսօրվանից կխավալվի նաև Հայաստանում, հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին։»,- գրել է Ներսիսյանը Ֆեյսբուքում։
Նա ընդգծել է, որ հումանիտար աղետալի վիճակում գտնվող Արցախի ժողովուրդը ելել է ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփյուռքում և Հայաստանում, այնինչ անգամ այս իրավիճակում կան մարդիկ, որոնք, առաջնայինը թողած, ընկած են պատճառաբանությունների հետևից․ մեկն ասում է՝ եթե ակցիան ուղղված չէ ռուսների դեմ, չեմ մասնակցում, մյուսը Արևմուտքին է դեմ, երրորդը պահանջում է դեսպանատների փոխարեն ՀՀ կառավարության առաջ հավաքվել, մեկ ուրիշը այլ պատվերներ ունի»,- գրել է նա։
Որպես Արցախում ստեղծված օրհասական վիճակին ամենախորը տիրապետող մարդ՝ պետնախարարը խնդրել է վերջ տալ այդ պատճառաբանություններին, համախմբվել ու գործել։ «Բոլոր ուղղություններում էլ ասելիք ու անելիք կա։ Իսկ եթե անհրաժեշտ են սեփական անգործությունը հիմնավորող պատճառաբանություններ, գոնե կողքից մի խանգարեք։»,- ասել է նա։
Ուրբաթ առավոտյան Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Համաժողովրդական շարժման շտաբի կազմակերպած անժամկետ հանրահավաքը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով։ Վերածննդի հրապարակում և ռուս խաղաղապահների տեղակայման վայրի մոտ խփած վրաններում մշտապես կգտնվեն շարժման ակտիվիստներ։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Ադրբեջանը խափանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ, ինչի պատճառով հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։ Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրվել։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարի կամրջի վրա տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է ապօրինի տեղադրված անցակետով բոլոր տեսակի մարդասիրական , այդ թվում մարդկանց և բեռների, փոխադրումները երկու ուղղություններով։