Բավ է պառակտվել
05-11-2019 22:00

Հանրությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

«Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «ՀուԶանք ու Զանգ» պիեսը, ինչը հասարակական-քաղաքական լայն շրջանում մեծ աղմուկ հանեց: Հենց ներկայացման պահին սկսվեց քաշքշուք, երիտասարդներից մեկնը  «զելյոնկա» լցրեց ներկայացման մասնակիցների վրա` պնդելով, թե նրանք սատանիստներ են:
Սակայն այս թեման այսքանով չավարտվեց: Հասարակությունը բաժանվեց կարծիքներում, ոմանք ասացին, որ սա արվեստի գործ է, մեղադրելով մյուսներին հետադիմական հայացքների մեջ, սակայն ճնշող մեծամասնությունը այն կարծիքին է, որ սա սատանայական ներկայացում է:
Թվում էր թե կրքերը կհանդարատվեն, սակայն լարվածության գագաթնակետը եղավ այն պահին, երբ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրին, թե այս «ՀուԶանք ու Զանգ» նախագծին պետական 2,7 միլիոն դրամ է հատկացվել:
ԲՀԿ-ական պատգամավոր, Ազգային ժողովի մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, մասնագիտությամբ թատերագետ Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ տեղի ունեցածը գռեհկաբանություն էր ու անճաշակ ոռնոց, իսկ եթե որևէ արվեստագետ ասի, որ դա արվեստի հետ կապ ուներ, ինքը բանավեճի կբռնվի նրա հետ:
«Եթե որոշ անհասկանալի սուբյեկտներ հղում են անում ազատ ստեղծագործելու իրենց սահմանադրական իրավունքին` ասֆալտի վրա գալարումները համարելով «արվեստ», վերջիններիս հիշեցնեմ, որ հանրային վայրերում պատերին ծեփվելով և մարդկանց դիվահար ոռնոցներով ահաբեկելով, իրենք խախտել են մարդու իրավունքների և հատկապես երեխայի իրավունքի հետ կապված միջազգային միանգամից մի քանի կոնվենցիա: Իսկ շատ երկար անուն ունեցող նախարարության հատուկ հանձնաժողովը, որի որոշմամբ հարկատուների, այսինքն` ՀՀ քաղաքացիների հարկերից ֆինանսավորվել է հակաէսթետիկ և հակահիգիենիկ այդ սուբլիմացիան, բացի հաշվետվություն ներկայացնելու, թե ինչպե՞ս է ասֆալտին ծեփվելը գնահատվել 2.7 միլիոն դրամ, արդար կլինի, ճիշտ կլինի, որ իրենց գրպանից հարկատուների գումարը վերադարձնեն պետական բյուջե և տեղում ինքնալուծարվեն»,֊-ասել էր Նարիա Զոհրաբյանը:
Նշենք, որ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը մասնակցում էր նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը:
«Իրականում հատուկ ուղղորդված ազգայնականների խումբը փորձը տապալել էր: Մեզ համար պարզ էր, որ բուն ներկայացման ընթացքում էլ կլինեն խնդիրներ»,֊ասել էր Խաչունցը:
Պարզվում է Խաչունցը տեղյակ չէր, որ դրամաշնորհ է հատկացվել այս ներկայացմանը, հետևաբար էլ չգիտի թե ինչի վրա ծախսել գումարները, բայց ուրախ է դրա համար, որ ԿԳՄՍ֊ն ֆինանսավորել է այդ ներկայացումը: Ի դեպ նախարար Արայիկ Հարությանյանը անդրադարձել էր այս ներկայացմանը և ասել, որ 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ հատկացնելու համար նախարարն ու նախարության աշխատակազմը լուրջ ազդեցություն չունեն: Ըստ նրա կան մասնագետներ, որոնք լավ գիտեն ոլորտը եւ ըստ ոլորտների ձեւավորվում են հանձնախմբեր, որոնք դիտարկելով բոլոր աշխատանքները, գնահատական են տալիս: Կոնկրետ նշյալ ներկայացման մասով Հարությունյանը ասել էր,որ դրական եզրակացություն տված հանձնաժողովի անդամներն են ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Կոնսերվատորիայի դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը, Օպերայի երգիչ Լիպարիտ Ավետիսյանը, երգիչ Գոռ Սուջյանը:

Եվ այս ցուցակի հրապարակումից հետո Գոռ Սուջյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ա. Հարությունյանին՝ գրելով. «Ժողովուրդ ջան, նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի, ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է, քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու՝ այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ, քանի որ մասնագետն այն անձն է, ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն եւ եթե չեմ սխալվում, տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920- ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում, ես հավատացյալ քրիստոնյա եմ եւ եթե ինչ-որ մի բան տեսնեի, որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա»,֊֊ասել էր Սուջյանը:
Իսկ ահա ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչությունն էլ հայտարարություն է տարածեց ՝պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ մասնավորապես նշելով․«ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը:

Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան, ուստի մեր հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից»,֊ -ասված էր հայտարության տեքստում:
Իսկ հայ հանրության շրջանում ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Սակայն Նախարարը հայտարարեց ,որ չի պատրաստվում հրաժարական տալ:

 

Արմինե Գևորգյան