Բավ է պառակտվել
29-07-2016 11:00

ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տիրող իրավիճակը հանգիստ է

Զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տիրող իրավիճակը այս պահին հանգիստ է: Ոստիկանությունը շարունակում է ՊՊԾ գնդի տարածքում հերթապահությունը:

Նախօրեին բողոքի ակցիա էր սկսվել Ազատության հրապարակում, ապա ակցիայի մասնակիցներն ուղևորվել են դեպի Բաղրամյանի պողոտա՝ արգելափակելով երթևեկությունը Ֆրանսիայի հրապարակում:

Մոտ 40 րոպե տևած ելույթներից հետո, ակցիայի մասնակիցները կրկին վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ, եղանակի անբարենպաստ պայմաների հետևանքով, ակցիան ավարտվեց։

Կազմակերպիչներից մեկի՝ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, կազմակերպիչների նպատակն էր կենտրոնական փողոցների երթևեկության արգելափակումը, ապա՝ երթը դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է գրավված շենքը: Սակայն, ուժեղ անձրևի և քամու պատճառով, ծրագրերը փոխվեցին: Մարտիրոսյանը նշեց, որ ակտիվիստները կարող են հիվանդանալ և ուղարկեց նրանց տուն՝ խորհուրդ տալով տղամարդկանց մեկ բաժակ օղի ըմպել, իսկ կանանց՝ տաք թեյ կամ գինի:

Նա ավելացրեց, որ նմանատիպ ակցիաներ՝ «ավելի բազմազան», կլինեն նաև առաջիկա օրերին:

Ընդդիմադիր ակտիվիստ Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։