Բավ է պառակտվել
13-05-2019 18:39

Ես գտնում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյան


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Նշենք,որ դատական նիստերի դահլիճում էր Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նախքան նիստի մեկնարկը նա հույս հայտնեց.որ այսօր արդար որոշում կլինի։ Լևոն Քոչարյանը հոր դեմ մեղադրանքն անձնական վրեժխնդրություն որակեց։
«Ես համաձայն եմ հորս հետ, որ մեղադրանքն իր հետ կապ չունի: Ես գտնում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է», - ասաց Լևոն Քոչարյանը։
Լևոն Քոչարյանը վստահություն հայտնեց, որ այդ օրերին իր հոր կողմից կատարված բոլոր գործողությունները եղել են իր կարգավիճակից բխող: Նա հորդորեց մեղավորներին այլ տեղում փնտրել, ասելով որ տարիներ շարունակ իրենց ընտանիքին փորձել են մեղադրել ամեն ինչում:
«Ես չգիտեմ, թե մարտի 1-ի պատասխանատուները ովքեր են: Փաստաբանները իրավական հիմնավորումները տալիս են, ինձ էլ է դա հետաքրքիր: Տարիներ շարունակ մեր ընտանիքին փորձել են մեղադրել ամեն ինչում: Հիմա եկել է նոր իշխանություն, որ այդ օրերին եղել է բարիկադների մյուս կողմում, ու ոմանք նաև դատապարտվել են: Թե ինչ է եղել, ինչ հանգամանքներում է եղել, որ կողմն է մեղավոր եղել, պետք է պարզել: Ո՞ւմ է պետք հրաման տա` ինչ-որ մեկի վրա կրակել: Անհեթեթ մեղադրանք առաջադրելու փոխարեն թող գտնեն իրական մեղավորներին»,- նշեց Լևոն Քոչարյանը:
Հարցին` արդյո՞ք վստահություն ունի դատական համակարգի նկատմամբ, Քոչարյանի որդին պատասխանեց, որ վերջին ամիսներին տեղի ունեցած սխալ որոշումները հաշվի առնելով` կապված հոր կալանքի հետ, այնքան էլ չի վստահում դատական համակարգին, բայց հույս հայտնեց, որ, այդուհանդերձ, կգտնվի խիզախ դատավորներ և կհետևեն օրենքին, այլ ոչ թե հաշվի կառնեն այն, թե ինչ են իրենից ակնկալում: