Բավ է պառակտվել
16-07-2020 16:19

Ներքին մոբիլիզացիա է հայտարարվել, բնակիչները պատսպարվել են նկուղներում․Տավուշի մարզպետ

 

Գիշերվա դիվերսիոն հարձակումից հետո հակառակորդը դարձյալ մարդկանց և տեխնիկայի կորուստ է ունեցել և հետ է շպրտվել: Սակայն չի դադարեցրել մարտական գործողությունները և սկսել է հրետակոծել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը:

 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ հայկական բնակավայրերի գնդակոծումից վնասվել են մանկապարտեզ, ջրագիծ, բնակելի տներ: Ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի, շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պետք է տա վնասների չափի և ծավալների վերաբերյալ: Ներքին մոբիլիզացիա է հայտարարվել, բնակիչները պատսպարվել են նկուղներում: Այս պահին վիճակը հանգիստ է:

Մարզպետի խոսքով՝ քաղաքացիները հիմնականում հրետակոծության ժամանակ գտնվել են ապաստարաններում ու նկուղներում ու, բարեբախտաբար, վիրավորներ ու զոհեր չկան։
Հայկ Չոբանյանն ընդգծեց, որ վաղվանից սկսելու են զբաղվել վնասված բնակարանների վերականգնման աշխատանքներով։
«Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը, ես ուզում եմ, որ մեր բնակիչները անհոգ լինեն, մենք լուծելու ենք իրենց բնակարանների հարցերը», - ասաց Տավուշի մարզպետը:

 

 

Արմինե Գևորգյան