Բավ է պառակտվել
28-02-2015 14:41

Հայտարարվել են Բորիս Նեմցովի հուղարկավորության վայրը և օրը

Ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, ով սպանվել է փետրվարի 28-ի ուշ գիշերին, կհուղարկավորվի Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը՝ մարտի 3-ին: Այդ մասին հայտնեց «Պարնաս» կուսակցության քաղխորհրդի բյուրոյի անդամ Կոնստանտին Մերզլիկինը: «Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 10:00 մինչև 14:00 Սախարովի կենտրոնում, այնուհետև Տրոեկուրովյան գերեզմանատանը տեղի կունենա հուղարկավորությունը», - նշեց նա: Մարտի մեկին Մոսկվայի կենտրոնում տեղի կունենա Նեմցովի հիշատակին նվիրված ընդդիմության սգո երթը: Միջոցառումը համաձայնեցվել է Մոսկվայի քաղաքապետարանի հետ և կսկսվի 15:00-ին՝ «Կիտայ գորոդ» մետրոյի կայարանի մոտ: Փետրվարի 28-ին ընդդիմադիր գործչի մահվան վայրում հավաքվել է շուրջ 200 մարդ: Այնտեղ տեղադրվել է սպանվածի դիմանկարը, մարդիկ ծաղիկներ են բերում: Հայտնի է դարձել, որ ծաղկեփնջեր են բերել նաև «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, «Աջ ուժերի միության» նախկին նախագահ Իրինա Խակամադան, ինչպես նաև «Ռուսնանի» ղեկավար Անատոլի Չուբայսը: Հայտնի է դարձել նաև այն մասին, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի պաշտպանը Նավալնիին ժամանակավորապես վարչական կալանքից ազատելու մասին խնդրագիր է ներկայացրել, որպեսզի ընդդիմադիրը կարողանա մասնակցել Նեմցովի հուղարկավորությանը: Բլոգերի ժամանակավոր ազատման հարցը կքննվի Պրեսնենսկի դատարանի կողմից մարտի 2-ից ոչ շուտ: