Բավ է պառակտվել
12-12-2020 14:34

Հայր և որդու ճակատագիրը նույն է․ Երկուսն էլ անհետ կորան պատերազմի դաշտում

30 տարի անց նրանց ընտանիքում պատմությունը կրկնվեց։ Արցախյան ազատամարտի տարիներին 30-ամյա Գարեգին Խաչատրյանին հինգ երեխա ունենալու փաստն անգամ հետ չպահեց սահման գնալուց։ Նրա հինգ երեխաները մեծացան առանց հոր, բայց դաստիարակվեցին հոր ոգով։ Խաչատրյանների ընտանիքում չզարմացան, երբ Սարգիսը պատերազմի լուրը լսելուն պես Հայկ Մանուկյանի, նույն Քեռու հրամանատարությամբ Տիգրան Մեծ ջոկատի հետ մեկնեց սահման։ Մայրը՝ տիկին Անահիտը, պատմեց, որ որդուն չեն էլ փորձել համոզել, որ չգնա։ Ասում է՝ քննարկման ենթակա չէր։
«Ասեց՝ մամ ես չեմ կարող էդպես հանգիստ նստեմ, հորս կիսատ թողած գործը պետք է ավարտին հասցնեմ»։

Սարգիսի հոր անունը Արցախյան ազատամարտի տարիներին հայտնվեց անհետ կորածների ցուցակում։ Տիկին Անահիտը պատմում է, որ նա գերի է ընկել։
«Ամուսինս շատ լավ գիտեր ադրբեջաներեն։ Չեն հավատեցել, որ նա հայ է, մտածել են, որ սիրիացի վարձկան է։ Հետո մենք հեռուստացույցով տեսանք․․․ Մենք այստեղի ղեկավարության հետ չկարողացանք այնպես անել, որ փոխանակենք։ Իր փոխարեն զենք ուզեցին, հետո ասել էին քաշով մեկ ոսկի, մենք անգամ դրան էինք պատրաստ։ Բայց չտվեցին, իրեն խոշտանգել ու այրել էին»։

Սարգիսի ընտանիքը տարիներ առաջ վերաբնակվել էր Արցախի Քաշաթաղի շրջանի Գետամեջ գյուղում։ Տիկին Անահիտն ասում է՝ այդ հողերն իր ամուսինն է ազատագրել։ Այնտեղ տուն-տեղ են դրել, այգիներ են մշակել։ Ամեն ինչ կանգ առավ հոկտեմբերի 10-ին, երբ կնքվեց առաջին «զինադադարը»։ Թշնամին ամենաշատն իրենց գյուղն էր ռմբակոծում։ Գյուղացիները քիչ ժամանակ ունեին իրերը հավաքելու։ Նրանք դուրս են եկել տնից այն հույսով, որ մի քանի օրից կրկին վերադառնալու են։
«Մեր գյուղը Իշխանաձորի կողքն էր։ Թուրքերն արդեն Իշխանաձորում էին։ Դուրս եկանք ու տեսանք, որ գյուղը դատարկվել է, զինվորներին նահանջի հրաման էին տվել , իսկ մեզ ոչինչ չէին ասել։ Գյուղապետը ասեց ՝ փախեք ոնց կարող եք։ Ու թե ոնց ենք փախել Աստված գիտի, ոչինչ չենք վերցրել, ոտաբոբիկ դուրս ենք եկել»։
Ու մինչ ընտանիքը ապաստանում է Երևանում, Սարգիսն իր ջոկատի հետ Մարտակերտի շրջանի Արագասար գյուղում շարունակում է կռիվը։ Մայրը պատմում է, որ որդու հետ անընդհատ կապի մեջ է եղել։ Հոկտեմբերի 4-ից հետո այլևս չի զանգել։ Որդու ընկերները տարբեր պատմություններ են պատմում, ոմանք ասում են, որ Սարգիսը վիրավորվել ու թաքնվել է անտառում։

Սարգիսի մարտական ընկերը՝ Անդրանիկ Ավոյանը այլ բան է պատմում։ Ասում է, որ մարտի դաշտում կռվել են կողք կողքի։ Սարգիսը ջոկատի ամենապատրաստակամ տղաներից է եղել։ Եթե հրամանատարը որևէ առաջադրանք է տվել Սարգիսն առաջինն է արձագանքել։ Անդրանիկը Սարգիսի հետ առաջին անգամ չէր մարտադաշտում․ ապրիլյան պատերազմին դարձյալ Քեռու ջոկատով կռվել են կողք կողքի։
«Նա անընդհատ ասում էր, որ այս հողերի համար իր հայրն է զոհվել ու ամեն գնով պետք է այս հողերը պահպանել։
«Հակառակորդին այնպիսի վնաս ենք հասցրել, որ կյանքում չեն մոռանա։ Սարգիսը փրկել է իմ կյանքը։ Երբ նահանջում էինք Սարգիսին թվաց, թե ես մահացել եմ, նա վրա հասավ, որ ինձ տեսնի․․․ Մեր կյանքը պահելով՝ ինքն իր կյանքը զոհեց»։
Մեր զրույցն ընդհատում է տիկին Անահիտը, որ լուռ լսում էր տղայի հերոսական պատմությունը ու հավելում․ «Իմ որդին զոհվեց հանուն հայրենիքի, մենք հաղթել ենք, բայց արյան գնով»։
30 տարի անց նրանց ընտանիքում պատմությունը կրկնվեց։

Արմինե Գևորգյան