Բավ է պառակտվել
16-11-2021 21:32

Հայ-ադրբեջանական արևելյան սահմանին կրակը դադարեցվել է։ Երևանը հաստատել է մեկ զինծառայողի զոհվելու փաստը

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է, հայտնում են հայկական պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունից։

Ըստ Հայաստանի ՊՆ տեղեկատվության՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈu ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

«Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։», - ասվում է հաղորդագրությունում։