Բավ է պառակտվել
19-04-2021 19:42

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու սահմանափակումներ չեն լինի. հայտարարվել է հիշատակի միջոցառումների ծրագիրը

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու համար որևէ սահմանափակում չի դրվի, ասել է վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը առաջիկա հիշատակի միջոցառումներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ:

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու հետ կապված որևէ սահմանափակում չկա, բայց ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ բոլորը պետք է զգոն լինեն և փորձեն առավելագույնս պահպանել նախորդ տարվա մարտին հաստատված կանոնները. հնարավորինս պահպանել սոցիալական հեռավորությունը և, ամենակարևորը՝ կրել դիմակ», - ասել է նա:

Հարությունյանն հայտնել է, որ միջոցառումների բյուջեն կկազմի շուրջ 70 միլիոն դրամ (մոտ 135 հազար դոլար):

Միջոցառումների ծրագիրը

Հարությունյանը հայտնել է, որ ապրիլի 23-ին` ժամը 23: 00-ին, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կկատարեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգը նաև կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։
«Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու «Հովեր» պետական կամերային երգչախումբը Գերմանիայից դիրիժոր Ալեքսանդր Իրադյանիսեկավարությամբ կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը» ,- ասել է նա։

Խորհրդականը հայտնել է, որ ապրիլի 24-ին, ժամը 19։15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբն ու պետական կամերային երգչախումբը կկատարեն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան։
Հարությունյանը շեշտել է, որ նախատեսված են մի շարք այլ միջոցառումներ. մասնավորապես, ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում մեր քաղաքացիների և դիվանագիտական ներկայացուցչությունների համար ԱԳՆ կողմից կկազմակերպվի հուշարձանների ցուցադրություն։
«Ապրիլի 21-ին ժամը 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ժամանակավոր ցուցադրություն է լինելու, որը կկրի «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագիրը: Այն կլինի մինչև սեպտեմբերի 10-ն», - ասել է նա։
Վարչապետի խորհրդականն ասել է, որ ապրիլի 27-ին հուշահամալիրում տեղի կունենա ավանդական ծաղկահավաքը, ինչից հետո հավաքված ծաղկաթերթիկներից կպատրաստվի թուղթ շնորհակալագրեր ուղարկելու համար:

ԱԳՆ նախաձեռնությունները

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Մարթա Այվազյանը տեղեկացրել է, որ արտգործնախարարությունը կկազմակերպի ցուցահանդես` նվիրված Արցախում մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների և արվեստի այլ օբյեկտների պահպանման խնդրին:

«Ցուցահանդեսը կրելու է «Վտանգված ժառանգություն» խորագիրը: Այն կազմակերպվելու է քաղաքապետարանի նախասրահում, մուտքը՝ Երևանի պատմության թանգարանի կողմից», - ասել է նա:

Նրա խոսքով, կցուցադրվեն 100-ից ավելի լուսանկարներ, գրքեր` տպագրված ու մանրանկարազարդված Շուշիում, ձեռագործ կոթողներ` գորգեր, կարպետներ։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 24-ին` օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ. Ցուցահանդեսը բաց կլինի այցելությունների համար ապրիլի 25-ից մայիսի 2-ը:

Այվազյանը նշել է, որ այս պահին հաստատվել է ավելի քան 10 պատվիրակությունների մասնակցությունը տարբեր երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, Լատինական Ամերիկայից և Եվրոպայից:

Տրանսպորտ և փակ ճանապարհներ

Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ ապրիլի 24-ին՝ ժամը 09։00-10։00 մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների այցերի պատճառով։ Այդ կապակցությամբ նա խնդրել է քաղաքացիներին տվյալ ժամին կամ դրանից մի փոքր ավելի շուտ սահմանափակել այցելությունները դեպի Ծիծեռնակաբերդ, որպեսզի կուտակումներ չլինեն Ապրիլի 24-ին վաղ առավոտից երկկողմանի փակ կլինի «Հաղթանակի» կամրջից մինչև Լենինգրադյան փողոց հատվածը և Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակող տանող հատվածը։ Մոտ օրերս ոստիկանությունը կտեղեկացնի ճանապարհների առաջիկա փակման մասին», - ասել է նա:

Խորհրդականը նշել է, որ ապրիլի 24-ին մայրաքաղաքում կգործի փակ ճանապարհներով երկու երթուղիներ.

1. «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փող․ - Հաղթանակի կամուրջ - Արգիշտի փող. – Իտալիայի փող․ - Խորենացի փող․- Ագաթանգեղոսի փող․ - մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան;

2. «Հրազդան» մարզադաշտ - Ծիծեռնակաբերդի խճուղի - Լենինգրադյան փող․- Կիևյան փող․- մետրոյի«Բարեկամություն» կայարան:

Նա նաև շեշտել է, որ ապրիլի 24-ի գիշերը մետրոն կաշխատի մինչև 01:00-ն:

Հակահամաճարակային նորմեր

Հայաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը հիշեցրել է, որ կոռոնավիրուսի հետ կապված երկրում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս կապակցությամբ Առողջապահության նախարարությունը առաջիկա օրերին հորդորում է բարձրացնել զգոնությունը և փակ տարածքներում պահպանել հակահամաճարակային նորմերը:

«Մենք բնակչությանը հորդորում ենք հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից, հետևել պաշտոնական տեղեկատվությանը, կրել դիմակ փակ և բաց տարածքներում, ունենալ ախտահանող միջոցներ և հնարավորինս պահպանել սոցիալական հեռավորություն», - ասել է նա:

Հայոց ցեղասպանության մասին

1915 թվականի Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։