Բավ է պառակտվել
18-01-2020 14:22

Մարդկային առումով անընկալելի է Կուտոյանի մահը․ Հայաստանի օմբուդսմեն

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապացությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Gisher.News-ը, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հունվարի 17-ին հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

“Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին”,- գրել է Թաթոյանն ֆեյսբուքյան իր էջում։

Օմբուդսմենը հիշեցրել է, որ 2006-2010 թվականներին Կուտոյանն աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

“Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով”՛,- նշել է Թաթոյանը։

Նախօրեին ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 30-40 պարկուճ, ինչպես նաև “Գլոկ” մակնիշի ատրճանակ։

Նա նշել է, որ եղած տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը հոդվածով, բայց հորդորել է հոդվածին առերեւույթ չխաբվել ու նշել է, որ հետաքննության ընթացքում կարող են ի հայտ գալ այլ հանգամանքներ, և, հնարավոր է, որ խոսքը գնում է սպանության կամ ինքնասպանությամբ քողարկված սպանության մասին։