Բավ է պառակտվել
07-10-2021 17:39

Հայաստանի ՄԻՊ-ը Հռոմի Պապին է փոխանցել ադրբեջանցիների կողմից հայ գերիների խոշտանգման մասին զեկույցները

Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը Հռոմի Պապին է փոխանցել ադրբեջանցիների կողմից հայ գերիների խոշտանգման և Հայաստանի սահմանային բնակչության դեմ Ադրբեջանի խախտումների մասին զեկույցները, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամլո ծառայությունը:
Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել էր, որ Պապի հետ անհատական ձեքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն ողջունել՝ 1-2 րոպե առավելագույնը տևողությամբ:
Երբ Սրբազան Քահանայապետը մոտեցել է Մարդու իրավունքների պաշտպանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է նրան և ասել, որ Թաթոյանը հատուկ խոսք ունի ասելու: Այդ պահին,ՄԻՊ-ը, նախ, երախտագիտությունն է հայտնել Հռոմի Պապին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումները դադարեցնելու, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունների համար:
Այնուհետև, Թաթոյանը նշել է, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում և խոսել ՀՀ սահմանային բնակչությա դեմ ադրբեջանական խախտումների մասին:
Այդ պահին նա նաև նշել է, որ իր հետ բերել է այդ ամենն ապացուցող զեկույցներն ու հանձնել դրանք Պապին:
Սրբազան Քահանայապետը վերցրել է զեկույցները, թերթել դրանք և տեսել է նաև դաժանությունների վերաբերյալ նկարները:
Պապը շնորհակալություն է հայտնել կարևոր զեկույցների համար ու ասել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այս հարցը նույնպես քննարկել են:
Հետո օրհնության անհատական ողջույնի ժամանակ նա նորից հատուկ շնորհակալություն է հայտնեց կարևոր աշխատանքի և զեկույցները փոխանցելու համար: Սրբազան Քահանայապետը հանձնարարել է նաև իր օգնականին ուսումնասիրել և իրեն առանձին ներկայացնել դրանք:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Հռոմի Պապին երեք զեկույց է փոխանցվել. առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին, որը մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է: Զեկույցն ապացուցում է, որ «ռազմավարի պուրակը» ավելի է խրախուսում ատելությունը:
Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով, իսկ երրորդը՝ գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի վերաբերյալ է:
Զեկույցը հիմնավորում է, որ ադրբեջանական իշխնությունները հայ գերիների նկատմամբ անօրինական քրեական դատավարություններ են հարուցել նրանց այն ցուցմունքների հիման վրա, որոնք ստացել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով: