Բավ է պառակտվել
13-05-2021 11:46

Հայաստանի Օմբուդսմենը կոչ է արել քաղաքական ուժերին բացառել վիրավորանքի ու ատելության տարածումը

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումն, ասվում է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատակազմի տարածած հայտարարությունում։

Նշվում է, որ ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում․ կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով:

«Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները, հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում»,- հայտարարել է Թաթոյանը։

Օմբուդսմենը նշում է, որ երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը: Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ։

Հայտարարությունում ասվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ, որոնցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ:

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին։ Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու նաև լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում»,- ասվում է հայտարարությունում։

Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով: Աշխատանքային խմբի ներկայացուցիչները կգործուղվեն այն մարզեր կամ համայնքներ, որտեղ չկան մարզային ստորաբաժանումներ։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116100:

Խորհրդարանի լուծարումն ու նոր ընտրությունները

Ս․թ․ մարտի 18-ին, Հայաստանի նախագահի և խորհրդարանական ուժերի հետ քննարկումներից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հայաստանի Սահմանադրության համաձայն, արտահեթ խորհրդարանակա ընտրություններ հնարավոր է անցկացնել միայն այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի, և Ազգային ժողովը երկու անգամ չընտրի նոր վարչապետ: Դրանից հետո խորհրդարանը համարվում է լուծարված օրենքի ուժով, և անց են կացվում արտահերթ ընտրություններ։

Պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական տվեց և դարձավ վարչապետի ժ․պ․։ Այնուհետև, մայիսի 3-ին և 10-ին, Հայաստանի խորհրդարանը չընտրեց նոր վարչապետ (քաղաքական պայմանավորվածություններին համաձայն ներկայացվել էր միայն մեկ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից) և, խորհրդարանը լուծարվեց Սահմանադրությանը համապատասխան։ Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2021թ․ հունիսի 20-ին նշանակելու մասին հրամանագիրը։