Բավ է պառակտվել
13-08-2019 11:41

Օմբուդսմենը մտադիր է հասնել Ադրբեջանում հայտնված հայ զինվորականի իրավունքնեի պաշտպանությանը

Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինվորական Արայիկ Ղազարյանի իրավունքների պաշտպանության երաշխավորման հարցով Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ։

Ինչպես տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի մամլո ծառայությունը, Մեյրթրոն տեղեկացրել է Թաթոյանին, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ղազարյանին, սակայն հարցը գտնվում է կազմակերպության ուշադրության կենտրոնում։

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը կապի մեջ է նաև Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։

“Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին”,-նշվել է հայտարարությունում։
Նախօրեին Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ օգոստոսի 12-ին սահմանի հարավ-արևելյան հատվածում 2000թ․ծնված զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է զորամասի տարածքը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայողը գտնվում է նրանց մոտ։
Գործի հանգամանքները պարզելու նպատակով տարվում է քննություն։