Բավ է պառակտվել
12-11-2021 23:18

Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո Ադրբեջանը վարում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման նպատակային քաղաքականություն․ ՄԻՊ

Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը ակնհայտ է համարում, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Նա պարզաբանել է, որ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ:

Նոյեմբերի 10-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 11-ին ժամը 24:00-ից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ, կտեղադրվոն մաքսակետեր։ Հայաստանի կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան ճանապարհի հատվածով շարժվող քաղաքացիներին և բեռնափոխադրումներ իրականացնողներին ուղղորդել Կապան-Աղվան-Տաթև-Հալիձոր-Շինուայր ​շրջանցիկ ճանապարհով։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը նշել է ֆեյսբուքյան իր էջում, որ դա հիմնավորվում է ադրբեջանական կոնկրետ քայլերով ու այդ քայլերի հետևանքներով:

Նախ, նրա խոսքով, փաստերը վկայում են, որ այս ամենի իրական պատճառը, սնուցող աղբյուրը ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի կայուն քաղաքականությունն է:

«Դրանից բացի, ակնհայտ է՝ ադրբեջանական իշխանությունները հստակ գիտեն, որ Գորիս-Կապան ճանապարհի արգեկափակումը կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողությունը առաջացնելու է քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լուրջ խնդիրներ, այդ թվում՝ առաջ են գալու քաղաքացիական մի շարք բնակավայրերի մեկուսացման խնդիրներ: Եվ նրանք նպատակային անում են այդ քայլերը ու գնալով դրանք ավելի են ընդլայնում», - գրում է նա։
Ըստ այդմ, , ինչպես նշում է ՄԻՊ-ը, հատկապես նոյեմբերի 11-ից Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ։
Նա պարզաբանել է, որ ադրբեջանական արարքներով հիմնական ճանապարհով երթևեկության արգելքի պատճառով զգալիորեն դժվարացել է կապը հատկապես Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, ինչպես նաև մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև։ Էականորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը՝ խաթարելով մարդկանց և գործարար նպատակներով ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը:
Թաթոյանը հայտնել է, որ նշված բնակավայրերում առկա են սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման արագ ու արդյունավետ հասանելիության սահմանափակումներ: Մարդիկ կանգնել են ընտանիքի եկամուտը վաստակելու (օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի իրացման) խնդրի առաջ:
«Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է նաև երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը: Այս ամենն էլ իր հերթին դարձել է հասարակությունում լարվածություն առաջացնող գործոն»,- գրում է նա:

Օմբուդսմենի խոսքով՝ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել Գորիս-Կապան ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք: Նույն վերաբերում է նաև Կապան-Ճակատեն ճանապարհին:

Հիշեցնելով, որ Հայաստանի բնակչությունն իր իրավունքների համար այս նույն խնդիրների առաջ էր կանգնել նաև, երբ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. օգոստոսի 25-27-ը երկու տեղից կամայական փակել էին Գորիս-Կապան ճանապարհը, Թաթոյոնն ընդգծում է, որ այդ իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված իրավունքների խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական:

Բացի այդ, նշում է ՄԻՊ-ը, ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, ինչը իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների միջազգային չափանիշների տեսանկյունից բացարձակ անթույլատրելի է:

Նա հայտնել է, որ ՄԻՊ գրասենյակը իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները պարբերաբար ուղարկում է միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև Հայաստանի մարմիններին:

«Մենք պետք է ցույց տանք ադրբեջանական արարքների իրական մոտիվացիան և դրանց առաջացրած իրական հետևանքները մարդկանց համար», - ամփոփել է Թաթոյանը։