Բավ է պառակտվել
16-07-2020 15:57

Նրանք ընկան հերոսի մահով․ Եռաբլուրում հուղարկավորեցին մայոր Գարուշ Համբարձումյանին

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանին հուղարկավորում են Եռաբլուր պանթեոնում։
Հուղարկավորությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այլ պաշտոնյաներ և պատգամավորներ։ Նրա հուղարկավորությունը կատարվում է զինվորական կարգով։ Հակառակորդի կրակոցներից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից էր։ Նա ամուսնացած էր, ուներ 2 որդի։

«Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան, կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան, մայոր Գարուշ Համբարձումյան, կապիտան Սոս Էլբակյան, խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա ու կերտեցին մեր այսօրվա հպարտությունը», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ հակառակորդի կրակից զոհված զինծառայողները լիարժեք ու անմնացորդ կրեցին հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը։


«Նրանք այդ պատասխանատվության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը ու ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքների, հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն առաջվանը չի լիելու, նրանք ապրելու են խեղդող բացակայության հետ», - նշեց Նիկոլ Փաշինյանը
«Ամբողջ ազգով սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հերոսներին, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի բարգավաճման և ապագա միլիոնավոր կյանքեր փրկելու համար, Եռաբլուր զինվորական պանթեոնում, ասաց զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հորեղբայրը։
«Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով։ Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, նրանք ողջ են, նրանք կապրեն՝ քանի մենք կանք։ Գարուշ ջան, ունես երկու արու զավակ, կմեծանան, քո պակաս թողած գործն ավարտին կհասցնեն» , - ասաց Գարուշ Համբարձումյանի հորեղբայրը։

 

 

Արմինե Գևորգյան