Բավ է պառակտվել
30-05-2019 19:09

«Իրենք ճանապարհ փակելով եկան իշխանության, հիմա ոչ մեկը մեր խնդիրը չի լսում». ակցիայի մասնակից

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցներն այսօր փակել են ճանապարհի Աշտարակ-Ուջան գյուղի հատվածը։ Աշխատակիցները պահանջում են, որպեսզի վճարեն իրենց ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձը։ Ենթակապալառու 19 կազմակերպությունները պնդում են, որ 2018 թվականի օգոստոսից աշխատավարձ չեն ստացել։ Գումարը կազմում է մոտ 2 մլրդ դրամ:
«Աշխատել ենք մինչև նոյեմբեր, խոստումներ են տվել, որ գումարները վճարելու են։ Բոլորին դիմել ենք՝ մեր վարչապետին, փոխվարչապետին, տրանսպորտի նախարարին, ԾԻԳ-ի պետին, իսպանական կազմակերպությանը։ Առ այսօր մեզ ոչ ոք սպառիչ պատասխան չի տալիս, թե ով պետք է մեր գումարները վճարի։ Իսպանական կազմակերպությունն ասում է, թե պետք է կառավարությունը վճարի, որ տանք, կառավարությունն էլ ասում է, թե գումար չունի վճարելու։ Որևէ մեկը չի գալիս կլոր սեղանի շուրջ, որպեսզի հասկանանք, թե ով պետք է վճարի», - ասում են ակցիայի մասնակիցները:
Աշխատակիցները ակնկալում էին, որ տրանսպորտի նախարարությունը, ոլորտը վերահսկող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի իրենց հետ ու խնդրին լուծում կտան։
«Իրենք ճանապարհ փակելով եկան իշխանության, հիմա ոչ մեկը մեր խնդիրը չի լսում ու պարբերաբար ակցիաներ ենք անելու, մինչև մեր խնդիրը չլուծվի>>,-ասացին աշխատակիցները։
Սակայն ցուցարարների մոտ շտապել էր Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Գևորգ Գյորգիսյանը, ով երեկ այդ հարցը բարձրացրել էր ԱԺ –ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ: Պատգամավորն ասում է՝ փոխվարչապետ Ավինյանին զգուշացրել է, որ մարդիկ ուզում են ծայրահեղ քայլերի գնալ, բայց կարծես թե դա այդքան էլ լուրջ չի ընկալվել:
«Ավինյանի հայտարարությունը հերթական ահազանգն է եղել քաղաքացիների համար:Ամեն ինչ գնում է նրան, որ ձեռքերը լվանում է կառավարությունը, և դրա համար են վախեցած մարդիկ: Նաև ունեն փորձ՝ «Հյուսիս-Հարավի» վրա ինչ-որ փուլում պարսկական ընկերություն է աշխատել, որը գումարների 1/3-ը վճարել է և փախել»,-ասաց Գյորգիսյանը:
«Այս պահի դրությամբ հիմնական կապալառուն չի վճարում, ու տևական ժամանակ է, որ դադարեցված են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հիմնանորոգման  աշխատանքները: Լրագրողներին փոխանցեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը,տեղեկացնելով,որ կա անհամաձայնություն նախարարության և իսպանական կապալառու «Կորսան ընկերության միջև:
«Բոլոր վճարումները «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությանն իրականացվել են: Այսինքն՝ նախարարությունը ընկերության նկատմամբ իր պարտականությունները կատարել է, սակայն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա»-ն իր ենթակապալառուներին չի վճարել»,- հայտնեց Բադալյանը:
Փոխանախարը հավաստիացրեց,որ խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Տեղեկացրեց նաև, որ չնայած ընկերությունը գտնվում է սնանկության փուլում, բայց չեն ցանկանում խզել պայմանագիրը,քանի որ այս դեպքում կանցնի բավականին երկար վեճի կամ արբիտրաժային փուլ, և նոր կազմակերպության ներգրավումը կտևի բավականին երկար ժամանակ: Այսինքն՝ կունենանք մի իրավիճակ, որ հնարավոր է 2-3 տարի աշխատանքներ չիրականացվեն, ինչը կլինի ժամանակի կորուստ:

 

Արմինե Գևորգյան