Բավ է պառակտվել
25-12-2020 18:14

Սյունիքի վտանգավոր ճանապարհահատվածները․Կապանի քաղաքապետը ներկայացրել է իրավիճակը մարզում

Սյունիքի մարզի Կապան քաղաքի քաղաքապետը Գևորգ Փարսյանը խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրեց մարզում ճանապարհների հետ կապված իրավիճակը և դրանց հիմնական խնդիրները։

Այսպես, նա նշեց, որ գոյություն ունի երեք խնդրահարույց ուղղություն․ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ:

“Այսօրվա դրությամբ Կապան -Գորիս և Կապան-Ճակատենը գործում են, բայց Կապան- Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված ենք այլևս չօգտագործել, որովհետև այն ամբողջովին անցել է թշնամու վերահսկողության ներքո։ Սրա հետ կապված դեռևս ոչ մի կարգավորում չկա”,- նշեց նա:
Փարսյանը նշեց, որ բարեբախտաբար, կա այլընտրանքային ճանապարհ, բայց այն հիմանանորոգման կարիք ունի և երկար է, իսկ ձմռանը գրեթե անանցանելի է դառնում։ Ըստ նրա՝ այդ պատճառով Ագարակի, Եղվարդի, Ուժանիսի և Խդրանցի բնակիչները որոշ առումով շրջափակման մեջ են հայտնվել։

Համայնքի ղեկավարը հայտնեց, որ անպայման ճանապարհ է կառուցվելու, որպեսզի այդ գյուղերը կտրված չմնան։ “Այդ աշխատանքները կսկսվեն մինչև տոները և կավարտվեն դրանցից հետո։ Ճանապարհը կկառուցենք”,- վստահեցերեց նա։

Ինչ վերաբերում է Տաթև-Աղվան հատվածին, որը կարելի է օգտագործել Գորիս-Կապան ճանապարհի փոխարեն, Փարսյանն ասաց, որ այս ճանապարհի 12,5 կմ հատվածն արդեն կառուցված է, բայց պետք է ավարտի հասցնել ևս 17,5 կմ:

«Բայց այստեղ մի լուրջ խնդիր կա. Կապան-Շինուհայր ճանապարհը անհարմար է ծանր մեքենաների, հատկապես բեռնատարների համար, Տաթևից Սատանայի կամուրջ ճանապարհը նույնպես անհարմար է: Մարդատարների համար սա կարող է լինել հարմար այլընտրանքային ճանապարհ, բայց ոչ բեռնատարների համար: M-2 մայրուղին մեր՝ ոչ միայն գորիսցիների ու կապանցիների, այլև ամբողջ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհ է: Ուստի այս ճանապարհը ամեն դեպքում պետք է պահպանել», - բացատրեց քաղաքապետը:

Նա նշեց, որ անհրաժեշտություն կա գոնե կառուցել խնդրահարույց տարածքները շրջանցող նոր ճանապարհներ և պահպանել Մ-2 մայրուղին:

Ինչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի վերահսկողսության տակ անցավ ԼՂՀ և հարակից յոթ շրջանների շուրջ 190 բնակավայր։ Արդյունքում, Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի սահմանները (ներառյալ Կապան վարչական կենտրոնը) հայտնվեցին Ադրբեջանի նոր սահմանների (Ադրբեջանական ԽՍՀ ժամանակաշրջանի) անմիջական հարևանությամբ:

Դրանից հետո Սյունիքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ. Մարդիկ վրդովված էին ռազմավարական կարևոր բարձունքներում հայկական դիրքերի ապամոնտաժմամբ և սահմանզատման աշխատանքներով այն վայրերում, որոնք այժմ սահմանակից են Ադրբեջանի տարածքին։ Արդյունքում, ինչպես ավելի վաղ ասել էր Փարսյանը, “թշնամին կմոտենա մեր սահմաններին և կլինի մեզանից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա”: Բացի այդ, Փարսյանը նշել էր, որ Կապանից չորս գյուղ տանող ճանապարհի՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր հատվածը հայտնվում է թշնամու տարածքում:

Դեկտեմբերի 21-ին աշխատանքային այցով Սյունիք մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր ընդհատել այն, քանի որ ցուցարարները փակել էին ճանապարհները:

Դեկտեմբերի 24-ին Սյունիքի Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ադրբեջանցիները գյուղում սահմանազատման աշխատանքներ են իրականացնում, և եթե GPS- ի տվյալների համաձայն տարանջատումն իրականացվի, գյուղը կբաժանվի երկու մասի, 12 տուն կանցնի թշնամուն:

Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստում ասաց, որ Սյունիքում աշխատանքներ են տարվում սահմանային դիրքերը որոշելու ուղղությամբ: Նա նշեց, որ Որոտան և Շուռնուխ գյուղերում, որտեղ կան որոշ սահմանային խնդիրներ, կարող են “որոշակի ցավալի իրավիճակներ առաջանալ”, ավելացնելով, որ “կառավարությունը հանդես կգա լիարժեք փոխհատուցմամբ, և քաղաքացիների շահերը լիովին պաշտպանված կլինեն”: