Բավ է պառակտվել
21-11-2020 02:29

ԼՂ-ի զորքերի հրամանատարական կազմի օպերատիվ արվեստն ու տակտիկական պատրաստվածությունն ամենաբարձր մակարդակի են

Հարցի էության վերաբերյալ:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ընդհանուր ներուժը մոտ հինգ անգամ զիջում է Ադրբեջանի ընդհանուր ռազմական ներուժին:

Ադրբեջանցիները ռազմական գործողություններ սկսեցին երկու ուղղությամբ՝ հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան: Նման գերազանցությամբ նրանք պատերազմի առաջին յոթ օրվա ընթացքում կարողացան անցնել ընդամենը մի քանի կիլոմետր՝ կրելով հսկայական կորուստներ: Դեմ առնելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության երկրորդ գծին լեռնաշղթայում՝ նրանք հասկացան, որ այլևս չեն կարողանա այդպես առաջ շարժվել: Ուստի մեկ շաբաթ անց նրանք վերախմբավորեցին իրենց ուժերը՝ կենտրոնանալով մեկ՝ հարավ-արևելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ նրանք կարողացան 10-12 անգամ գերազանցող ուժ կուտակել:

Խորհեք այս թվերի շուրջ․ ունենալով այդպիսի գերազանցություն, նրանք 30-40 կիլոմետրն անցան մեկ ամսվա ընթացքում։

Երբ նրանք ճեղքեցին պաշտպանության բոլոր գծերը և մտան օպերատիվ տարածք՝ շարունակեցին հանդիպել հայերի կատաղի դիմադրությանը: Հայերը յուրաքանչյուր գյուղ, ամեն կիրճ, ամեն արահետ վերածեցին հենակետի:

Նման գերազանցությամբ ադրբեջանցիները 3 օր փորձում էին գրավել Շուշի քաղաքը: Պատկերացնու՞մ եք, թե որքան ժամանակ պիտի պայքարեին Ստեփանակերտի համար: Այնքան դիակ կլիներին, որ մտածելն անգամ սարսափելի է:

Նույնիսկ այս ցուցանիշներից պարզ է, որ ադրբեջանցիները հսկայական կորուստներ են կրել, նրանց ռեսուրսների, մասնավորապես զինամթերքի պաշարների, առաջին հերթին՝ հրետանու, զգալի մասը սպառված էր։

Իսկ հիմա՝ ռազմավարական նրբություններ:
Ադրբեջանն իր զինանոցում ուներ մեծ քանակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կրակի 50-90 կմ հեռահարության հրետանի:
Հայերի դաշտային հրետանու առավելագույն հեռահարությունը 15-20 կմ:
Ադրբեջանցիներն ունեին շուրջ 50-70 անօդաչու թռչող սարք, որոնք գնել են արտասահմանում: Այս անօդաչու թռչող սարքերն ապահովում էին հրետանու նպատակային նշանառումը՝ նպատակային կրակ վարելու համար:
Հայերը չունեին անօդաչու թռչող սարքեր: Նրանք օգտագործում էին համակարգեր, որոնք թույլ էին տալիս փոքր ճշգրտությամբ բացահայտել թշնամական հրետամարտկոցները դրանցից կրակ արձակելուց հետո: Այսպես կոչված հրետանային հետախուզական համակարգեր:
Ադրբեջանցիները կարող էին խորը կրակային հարվածներ հասցնել, իսկ հայերը չէին կարող պատասխանել: Նրանք կարող էին հարվածել միայն իրենց հրետանու կրակի հասանելիության սահմաններում, այն էլ ստիպված էին օգտագործել հետախույզների հմտությունը՝ հրետանուն նշանակետեր տալու համար:

Եթե առաջին օրերին ադրբեջանցիները ցուցադրում էին, թե ինչպես են աշխատում անօդաչու թռչող սարքերը, ինչպես են ոչնչացնում թիրախները, նկարահանում էին խոցված տանկերը, ապա հետագայում այս ամենը դադարեց, քանի որ այս անօդաչուներից ոչինչ չէր մնացել․ 60-ից 46-ը ոչնչացվել էր:
Եթե ադրբեջանցիներն ունեին բավարար քանակությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար, ապա Լեռնային Ղարաբաղն ուներ «Շիլկա» տիպի ընդամենը վեց զենիթային ինքնագնաց համալիր՝ պաշտպանության այս ամբողջ գծի երկայնքով: Գումարած դրան, իմ ենթադրությունների համաձայն, հայերը տեղափոխել էին ևս տասը: Եվ այս համալիրները՝ 2-2,5 կմ հեռահարությամբ, ոչնչացրեցին ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի երեք քառորդը: Դրանից հետո անօդաչու թռչող սարքերի գործողությունները դադարեցին:

Ադրբեջանցիներն ունեն 100 ժամանակակից T-90 տանկ, իսկ Հայաստանը՝ մեկը: Մնացած տանկերը T-72-ի առաջին մոդիֆիկացված սերնդի են, որոնք կարող են T-90- ի դեմ պայքարել միայն շատ բարենպաստ պայմաններում:
Տանկերի ընդհանուր քանակի առումով. հայերն ունեն 200, իսկ ադրբեջանցիները ՝ 444: Պարզապես համեմատեք այս փաստերը:

Ես կարող եմ միայն մեկ բան ասել՝ Լեռնային Ղարաբաղի զորքերի հրամանատարական կազմի թե՛ օպերատիվ արվեստը, թե՛ մարտավարական պատրաստվածությունը ամենաբարձր մակարդակի են: Քաջությունը՝ բարձրագույն։ Այն պայմաններում, որոնցում նրանք մարտնչում էին՝ ադրբեջանական ուժերի և միջոցների հրեշավոր գերազանցությամբ, հայերը ցուցադրեցին զանգվածային հերոսության հրաշքներ: Այլ բան չեմ կարող ասել:

Թուրք զինվորականները գրոհայիններ էին ուղարկել Սիրիայում գտնվող Իդլիբի կաթսայից, որպեսզի կարողանան հավասար պայմաններով դիմակայեն Լեռնային Ղարաբաղի մարտիկներին:

Կոնստանտին Սիվկով
Ռուսաստանի հրթիռահրետանային գիտությունների ակադեմիայի (РАРАН) տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր: