Բավ է պառակտվել
29-04-2019 16:52

Հայաստանում օպերլիազորը բռնվել է կաշառք ստանալու պահին

Ապրիլի 25-ին ԱԱԾ-ն հաղորդում է ստացել այն մասին, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի օպերլիազորը 2017 թվականից պարբերաբար երկրի քաղաքացուց որպես կաշառք գումարներ է շորթել, հաղորդել են ԱԱԾ մամլո կենտրոնից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն՝ այդ վարչության օպերլիազոր Գ.Գ-ն, իմանալով, որ Կոտայքի բնակիչը նախկինում թմրանյութ է օգտագործել, սպառնացել է իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր ստեղծելու համար և պահանջել ու 2017 թվականի հունիսից մինչև 2019 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ ընդհանուր առմամբ 4.265.800 դրամ ։
“Ապրիլի 26-ին հերթական կաշառք-գումարը՝ 200 հազար դրամ, փոխանցվել է ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո։ Դրանից անմիջապես հետո օպերլիազորը բերման է ենթարկվել”,- նշվել է հաղորդագրությունում:
Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Առանձնահատուկ խոշոր չափի կաշառք ստանալը): Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: